ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցը կլուծվի նախնական ընտրությունների միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում։
Վարչապետն առաջարկել է, որ ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուների ընտրությունն իրականացվի հանրային մասնակցությամբ։ Թեկնածուների ինքնաառաջադրման ժամկետը սահմանվել է մինչև 2025 թվականի հունվարի 2-ը, ժամը 12:00: Առաջադրման համար անհրաժեշտ է թեկնածուն լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, համախոհ կամ համակիր, հաշվառված լինի Փարաքար խոշորացված համայնքում վերջին վեց ամսվա ընթացքում։ Թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրությունը, լուսանկարը, մոտիվացիոն նամակը և անձնագրի պատճենը ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին։
«Թեկնածուների գրանցումից հետո արդեն 2025 թվականի հունվարի 11-ից 13-ը Փարաքար խոշորացված համայնքում Գյումրիի օրինակով տեղի կունենա նախնական քվեարկություն, ինչպես ընդունված է ասել primary։ Primary-ի արդյունքում հաղթած թեկնածուն կնշանակվի Փարակար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար և 95 և ավել տոկոս հավանականությամբ կգլխավորի արտահերթ ընտրություններում համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը»,- ասաց Փաշինյանը։
Փարաքարում արտահերթ ընտրությունները կանցկացվեն մարտի վերջին։