Տնտեսություն

Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան տարին ձեռքբերումներով է ամփոփում

7 րոպեի ընթերցում

Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան տարին ձեռքբերումներով է ամփոփում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան 2024 թվականը ձեռքբերումներով է ամփոփում: Ասոցիացիան ձգտում է Հայաստանում բարձրացնել ոլորտի ծառայությունների մատուցման որակն ու ներդնել միջազգային ստանդարտներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասոցիացիան 2024–ի աշխատանքներն ամփոփեց միջոցառմամբ: 

Հայաստանի անշարժ գույքի շուկայում այս տարի մեծ ակտիվություն է նկատվել: 2024–ը հիփոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի հետվերադարձի ծրագրի վերջին տարին էր Երևանում: Այդ առումով առավել մեծ ակտիվություն է դրսևորել առաջնային շուկան: 

«Երևի թե անշարժ գույքի առուվաճառքի տեմպերով 2024 թվականը կլինի ռեկորդայիններից մեկը, եթե ոչ ռեկորդայինը»,–նշեց Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ամիրյանը:

Հայաստանում ոլորտի զարգացման գործում արդեն գրեթե մեկ տարի իր դերակատարությունն է ունենում Հայաստանի անշարժ գույք գործակալությունների ասոցիացիան։ 2024–ի աշխատանքների ամփոփիչ միջոցառմանն ընդգծվեց, որ գործունեության հենց սկզբից ասոցիացիան փորձել է մասնագիտական մոտեցումներ ու ընկալումներ բերել անշարժ գույքի ոլորտ: 

«Մենք ցանկանում ենք անշարժ գույքի ոլորտի ծառայությունների մատուցման որակը բարձրացնել և հասցնել միջազգային ստանդարտներին: Եվ հենց այդ է պատճառը, որ մենք ակտիվորեն կիրառում ենք արդեն գործող միջազգային ստանդարտները՝ բնականաբար հաշվի առնելով շուկայի առանձնահատկությունները, նրբությունները: Սակայն նպատակը մեկն է՝ ունենալ բարեկեցիկ շուկա, ունենալ պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող անշարժ գույքի գործակալներ, որոնց հաճախորդները հենց իրենք կդիմեն համապատասխան ծառայություն ստանալու համար»,–ասաց Ամիրյանը: 

Ասոցիացիան իր գործունեությունը սկսել է 6 անդամով, այսօր արդեն ունեն 11–ը: Նախատեսում են նոր գործընկերների ներգրավման գործընթաց: Սակայն անդամ գործակալությունների թիվն ընդլայնելն ինքնանպատակ չէ: Ասոցիացիայի նախագահն ընդգծում է՝ շատ կարևոր է, որ նոր անդամագրվողները հասկանան, որ պետք է արդեն աշխատեն նոր միջավայրում նոր կանոններով: Ասոցիացիայի առաջնային նպատակն անդամների կրթությունն ու ծառայությունների որակի բարձրացումն է: Պրոֆեսիոնալ մոտեցումն ասոցիացիայի համար սկզբունքային հարց է: Ուստի ունեն նաև էթիկայի կանոնագիրք:

«2024 թվականից նախաձեռնել ենք այս ասոցիացիայի աշխատանքները, որ ապացուցենք, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ կարող է զարգանալ այս ոլորտը»,–ասաց Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի նախագահ Արթուր Մնացականյանը:

Կարևորելով կանխատեսելի անշարժ գույքի շուկա ունենալը, նորարարություններն ու տեխնոլոգիական զարգացումը՝ ասոցիացիան նախաձեռնել է նաև MLS հարթակի մշակումը: Այն կստեղծի ճշգրիտ վիճակագրության ու մոնիթորինգի հնարավորություն, կխթանի համագործակցությունն ու կբարձրացնի թափանցիկությունը:

«Ներքին համակարգ է առաջին հերթին, որտեղ ամեն ռիելթոր մուտքագրում է իր վաճառվող գույքի վերաբերյալ տվյալները և նշում է, թե ինչքանով է կարողանում մոտիվացնել, այսինքն՝ մասնավոր առաջարկ է նշում, թե ինչքանով է կարողանում իր կոմիսիոն վճարից տրամադրել գործընկերոջը: Այսպիսով խթանվում է համագործակցություն համայնքում և լայն գործիքակազմ է տրամադրում ռիելթորական գործունեությամբ զբաղվող ընկերություններին, մասնավորապես ճիշտ վիճակագրական տվյալներ, վաճառքների պատմություն և այլ բազմաթիվ գործիքներ»,–ասաց Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Ռուստամ Գրիգորյանը: 

Կայքը հասանելի է լինելու միայն ասոցիացիային անդամագրված գործակալություններին: Հարթակը կնպաստի նաև անշարժ գույքի վաճառքների ավելացմանը:  

«Օրինակ ԱՄՆ–ում կամ Կանադայում MLS–ի կիրառումը թույլ է տալիս գույքերը վաճառել 30 տոկոսով ավելի արագ, 40–60 տոկոսով ավելանում է ռիելթորների վաճառքների քանակը, անշարժ գույքի վաճառքի գինն է 15 տոկոսով ավելանում և հաճախորդների գոհունակությունը, որոնք դիմել են ռիելթորներին 87 տոկոսով բարձրանում է»,–ասաց Գրիգորյանը:

Թեև ասոցիացիայի գործունեության 1 տարին դեռ չի լրացել, սակայն այս 9 ամիսների ընթացքում արդեն իսկ հասցրել են նշանակալի աշխատանք իրականացնել: Մասնավորապես պետական մարմինների հետ ակտիվորեն ներգրավվել են անշարժ գույքի ոլորտի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունների քննարկումներում: Օրինակ՝ կառավարությունը հարկային բարեփոխումների շրջանակում նախատեսում էր անշարժ գույքի ոլորտում գործողներին ևս ներառել ավելացված արժեքի հարկով հարկման դաշտում: 

«Ասոցիացիան, համագործակցելով Գործատուների հանրապետական միության հետ, դիմեց կառավարությանն ու ներկայացրեց իր դիտարկումները: Արդյունքում մասնակցեցինք խորհրդարանական լսումներին և հայտնեցինք մեր դիրքորոշումը: ԱԺ–ն ու կառավարությունը որոշեցին բացառություն անել ոլորտի համար և այն հանել օրենքի կիրառումից: Այս հաջողությունը մեր միասնականության և համառ աշխատանքի արդյունքն է»,–ասաց Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը: 

Ասոցիացիայի հաջողությունները, սակայն միայնով սրանով չեն սահմանափակվել: Միջազգային համաժողովներին մասնակցությունից մինչև համագործակցության շրջանակի ընդլայնում: Տարվա ընթացքում ասոցիացիան մի շարք համագործակցության հուշագրեր է կնքել: Այսօր դրանց թիվը համալրվեց ևս երկուսով: Համագործակցության հուշագրեր կնքվեցին Ամերիաբանկի և «Փորձագիտական խորհուրդ» գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն հասարակական կազմակերպության հետ: Սրանք իրենց նպաստը կունենան ոլորտի զարգացման գործում:

Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան 2025–ին ոլորտում ակտիվություն է սպասում արդեն երկրորդային շուկայում: Ոլորտի զարգացման համար նոր բարձունքներ նվաճելու խոստմամբ ասոցիացիան արդեն իսկ նախանշել է 2025–ի կարևոր անելիքները: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում