Հայաստան

ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց համար մշակված հավելվածի շնորհանդեսը

6 րոպեի ընթերցում

ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց համար մշակված հավելվածի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում տեղի է ունեցել հայերեն տեքստը բանավոր խոսքի վերածող հավելվածի պաշտոնական շնորհանդեսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գրասենյակից՝ ընդգծելով, որ իրենք աջակցում են հաշմանդամություն ունեցող անձանց՝ ապահովելու նրանց լիարժեք և առանց խոչընդոտների ներառումը սոցիալական կյանքում։  

«Այս գործիքը կարող է օգտակար լինել հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև հանրության լայն շրջանակի համար։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նպաստում է նորարարական աջակցող միջոցների մշակմանը՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներառումը և մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»,- նշված է ԱՄՆ ՄԶԳ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Հավելվածը մշակել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսավորմամբ գործող և «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում։ Այս նոր աջակցող գործիքը կարող է օգտագործվել տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց համար (տեսողության խնդիրներ, գրելու, կարդալու և հաղորդակցման այլ դժվարություններ), ինչպես նաև հաշմանդամություն չունեցող անձանց համար, ովքեր կարող են օգտագործել այս գործիքն իրենց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:

«Այսօր մենք նշում ենք կարևոր ձեռքբերում՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության և մատչելիության ապահովման գործընթացում։ Այս հավելվածը պարզապես տեխնոլոգիական լուծում չէ, այն մեր համատեղ հանձնառության վկայությունն է՝ ստեղծելու հավասար հնարավորություններ յուրաքանչյուրի համար։ Համադրելով նորարարությունն ու ներառականությունը՝ այս գործիքը կխթանի հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքում՝ ստեղծելով կենսական ծառայությունների հասանելիություն անկախ կյանք վարելու սկզբունքով», - ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն միջոցառման ժամանակ հնչեցրած իր ելույթում։

Առաջին փուլով՝ համակարգչի էկրանն ընթերցող ծրագրի հիման վրա (NVDA) ստեղծվել է հայերեն տեքստը բանավոր խոսքի վերածող հավելված, որի միջոցով տեսողության կամ հաղորդակցման խնդիրներ ունեցող անձինք կարող են օգտվել համակարգչից, ծանոթանալ տարբեր փաստաթղթերի, օգտվել կայքերից՝ լսել ոչ թե ռոբոտացված ձայնով, այլ բնականին մոտ հնչողությամբ հայերեն խոսք։

Հավելվածից անվճար կարող են օգտվել բոլոր պետական կառույցներն ու հասարակական կազմակերպությունները՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար այլընտրանքային տեխնոլոգիական լուծումներ մշակելու, ինչպես նաև այս հավելվածում նոր ձայներ ավելացնելու նպատակով։

«Հաշմանդամություն ունեցող անձինք «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի մշտական ուշադրության կենտրոնում են, և նոր մշակված հավելվածը նպատակ ունի ծառայելու՝ որպես աջակցող միջոց տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ նպաստելով նրանց ներառականությանը և լիարժեք մասնակցությանը հանրային կյանքում։ Հուսով ենք՝ այս նախաձեռնությունը կխթանի նաև տարբեր հանրային ծառայությունների հասանելիությունը և աջակցող միջոցների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- ասել է «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի ղեկավար Լիզբեթ Զոնեվելդը։  

Որպես համակարգի հետագա զարգացում և կատարելագործում՝ տեքստը խոսքի վերածող հավելվածը ներուժ ունի ինտեգրվելու տարբեր ոլորտներում՝ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրելով հետևյալ օգուտները․

Կրթական հարթակներ. ուսումնական նյութերը դարձնել մատչելի հաշմանդամություն ունեցող ուսանողների համար՝ հնարավորություն ընձեռելով ավելի ներառական կրթական փորձառության։

Հանրային ծառայություններ․ ձայնային բովանդակության մատուցում պետական ​​կամ հանրային ծառայությունների հարթակներում՝ մատչելիությունը և գործածելիությունը բարելավելու նպատակով:

Աջակցող միջոցներ. աջակցել խոսքի խնդիրներ ունեցող անձանց` ինտեգրելով հավելվածը հաղորդակցության սարքերին, խթանելով ավելի լավ փոխգործակցություն և ինքնուրույնություն։  

Բանկոմատներ և բանկային ծառայություններ. կատարելագործել բանկային համակարգերի և բանկոմատների մատչելիությունը տեսողության խնդիրներ կամ հաղորդակցման դժվարություններ ունեցող անձանց համար ձայնային ուղեցույցների հրահանգների միջոցով՝ հնարավորություն տալով նրանց ինքնուրույն օգտվել ֆինանսական ծառայություններից:

Հավելվածի պաշտոնական շնորհանդեսի շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում՝ Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտում աջակցող միջոցների և նորարարական լուծումների դերի մասին։ Կայացել է նաև «Մատչելիություն և ներառում» թեմայով տեխնոլոգիական էքսպո, որի ընթացքում ցուցադրվել են այլ կազմակերպությունների կողմից մշակված առաջատար գործիքներն ու լուծումները։ 

Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր հանդես են եկել մտքերի փոխանակմամբ և քննարկել տեխնոլոգիաների միջոցով ներառականության առաջխաղացման ռազմավարությունները։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում