Հարավային Կորեայի կառավարությունն ընդլայնել է անվտանգության միջոցառումները երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի պատճառով
2 րոպեի ընթերցում
![Հարավային Կորեայի կառավարությունն ընդլայնել է անվտանգության միջոցառումները երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի պատճառով](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/12/17/UPgcTrRM8Fpzyxklu8NibJSTjSFMew7sQbkl529z.webp)
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայի կառավարությունը նախագահ Յուն Սոկ Յոլի պարտավորությունները կասեցնելուց հետո ընդլայնել է երկրում անվտանգության միջոցառումները և լիովին հանձնառու է պահպանելու գործընկեր երկրների վստահությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԶԼՄ-ներին ուղարկված գրավոր հայտարարության մեջ հայտնել է Կորեայի Հանրապետության կառավարության խոսնակ Յու Ին Չոնը։
Յու Ին Չոնը, որը նաև զբաղեցնում է Կորեայի Հանրապետության մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը, հիշեցրել է, որ երկրում ռազմական դրություն հայտարարելուց հետո նախագահ Յուն Սոկ Յոլն իմփիչմենթի է ենթարկվել, ինչից հետո երկրի նախագահի պաշտոնակատար է նշանակվել վարչապետ Հան Դուկ Սուն։ Վերջինս կարգադրել է, որ երկրի զինված ուժերը բարձրացնեն պատրաստության մակարդակը՝ երաշխավորելու, որ ազգային անվտանգության և հանրային անվտանգության ոլորտում բացթողումներ չլինեն։
«Պետական գործերը կառավարվում են անխափան և մանրակրկիտ կերպով՝ սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Կորեայի Հանրապետության կառավարությունն ամրապնդում է իր անվտանգության դիրքերը, և կառավարության ողջ կաբինետը լիովին հավատարիմ է մեր գործընկեր երկրների վստահությունը պահպանելուն», - նշված է հաղորդագրության մեջ։
Հարավային Կորեայի կառավարության խոսնակը հավելել է, որ Կորեայի Հանրապետությունում առօրյա կյանքն ընթանում է իր հունով, զբոսաշրջային վայրերը բաց են։
«Մեր կառավարությունը շարունակում է ուշադիր լինել ամբողջ աշխարհի լրագրողների ձայների նկատմամբ և կանի հնարավոր ամեն բան՝ հաղթահարելու առկա մարտահրավերները», - նշված է հաղորդագրության մեջ։