ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոց և Փարպիի Ծիրանավոր եկեղեցի։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, «Ագարակ» պատմամշակութային արգելոցում արդեն ավարտվել են 2024 թվականի համար նախատեսված հատվածների՝ միջնադարյան կառույցների մնացորդների և վաղբրոնզեդարյան պարսպապատի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները։ 2025 թվականին նախատեսվում է շարունակել աշխատանքը հնավայրի այլ հատվածներում։
Փարպիի Ծիրանավոր եկեղեցում իրականացվում են քիվերի վերաշարման, բացակայող հատվածներում նորերով լրացման, պատերի ներարկման աշխատանքներ։ Վերականգնող կապալառու կազմակերպության հետ տեղում քննարկվել է աշխատանքի ընթացքը, ներկայացվել են դիտողություններ։
ԿԳՄՍ նախարարության միջոցներով աշխատանքները սկսվել են 2023 թվականին, կավարտվեն 2025 թվականին։