ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշում ընդունեց, կնշանակվեն ավագանու արտահերթ ընտրություններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումները հավանություն ստացան ՀՀ կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում:
«Առաջարկում ենք վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները: Առաջարկվում է Գյումրում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ»,–ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նոր ընտրությունների նշանակման վերաբերյալ որոշումն ուժի մեջ կմտնի 2025թ փետրվարի 20-ից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իրավիճակը, որ ավագանու խմբակցություններից մեկն ամբողջ կազմով վայր էր դրել մանդատները, քաղաքապետը, տեղակալները հրաժարական էին տվել: «Եվ այս իրադրությունից այլ ելք, քան արտահերթ ընտրությունների գնալը, չկա: Կամ, եթե նույնիսկ տեսականորեն կա, ընդունելի չէ, քանի որ կարծում ենք, որ գյումրեցիները պետք է հնարավորություն ունենան ընտրել իրենց ավագանին և քաղաքապետին»,–ասաց Փաշինյանը:
Իրականացվել է Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության նախնական քվեարկություն: Վարչապետն այս առաջին փորձը կարևոր ու հաջողված համարեց:
Օրենքների նախագծերի փաթեթով նաև Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հնարավորություն է ստեղծվում: Վարչապետն ասաց, որ վաղը՝ դեկտեմբերի 13-ին, նախնական քվեարկության արդյունքներով կկատարի այդ նշանակումը:
Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք»-ի 14 անդամներ հոկտեմբերին վայր էին դրել իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ էին հայտնել նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։ Գյումրիի ավագանին չէր կարողանում նիստեր գումարել՝ քվորում չլինելու պատճառով։
Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը տեղի ունեցան Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով որոշվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն: Նախնական ընտրությունների արդյունքներով Գյումրիում առաջատարն անկուսակցական Սարիկ Մինասյանն է՝ 253 ձայնով։
Երկրորդ տեղում Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանն է՝ 220 քվեով։ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանը հավաքել է 143 ձայն, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը՝ 138 ձայն։ Գյումրիի ավագանու անդամ Շավարշ Արամյանը հավաքել է 88 ձայն, ՔՊ երիտասարդական թևի Շիրակի մարզի համակարգող Էմմա Բարսեղյանը հավաքել է 113 ձայն, Լևոն Անանյանը՝ 91 ձայն: