Քաղաքականություն

Ականատես ենք լինում ցեղասպանական դրսևորումների ազդակների, որոնք խոսում են մարդկության դեմ հասունացող նոր հանցագործությունների մասին. Արարատ Միրզոյան

7 րոպեի ընթերցում

Ականատես ենք լինում ցեղասպանական դրսևորումների ազդակների, որոնք խոսում են մարդկության դեմ հասունացող նոր հանցագործությունների մասին. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել և ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքն «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ընթացքում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ ցեղասպանության հանցագործությունների քննարկման օրակարգն արդեն հինգերորդ անգամ է Երևանում մեկտեղում քաղաքական գործիչների, միջազգային կառույցների ներկայացուցիչների, ոլորտի հայտնի գիտնականների, դատավորների, իրավապաշտպանների և քաղհասարակության ներկայացուցիչների։   

Միրզոյանը հիշեցրեց, որ այս ֆորումը հյուրընկալելուց բացի, Հայաստանը նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի հեղինակն է, որի հիմնական թեմաներից մեկը եղել է հենց ցեղասպանության վաղ նախազգուշացումն ու վաղ արձագանքումն ապահովելու հարցը։  

«Այս տարիների ընթացքում Ցեղասպանության կանխարգելման բանաձևում մշտապես իրականացվել են բովանդակային կարևոր լրացումներ, իսկ հերթական գլոբալ ֆորումի կազմակերպման ժամանակ  երբեք չի եղել քննարկվող թեմաների պակաս։ Այս փաստը, որքան էլ տարօրինակ հնչի, որպես դրական արձանագրում չեմ անում։ Այս փաստը մի ցավալի իրողություն է, որն արձանագրում է մեր՝ որպես միջազգային հանրության ջանքերի արդյունավետության պակասը կամ մեր հավաքական անկարողությունը՝ կանխելու աշխարհում տեղի ունեցող և մարդկության դեմ ուղղված ոճրագործություններն ու ցեղասպանությունները։ Անգամ օրեր առաջ, դեկտեմբերի 9-ին՝ ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը, անգամ դրանից երեք օր առաջ, անգամ դրանից երեք օր հետո, այսօր աշխարհի տարբեր անկյուններում և հատկապես զինված հակամարտությունների գոտիներում ականատես ենք լինում ցեղասպանական գործողությունների դրսևորումների ազդակների, որոնք խոսում են մարդկության դեմ հասունացող նոր հանցագործությունների մասին։ Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել և ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են»,- նշեց Միրզոյանը։ 

Նրա խոսքով՝ մեր տարածաշրջանում դրա ականատեսը եղել ենք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում, երբ թվում էր աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների ։

«Ցավոք, մենք անկարող եղանք կանխել և այսօր ականատես ենք այդ անդառնալի հետևանքներին։ Սա այն օրինակներից է, երբ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէ ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին։ Նշված ռիսկի գործոններից ամենաէականը՝ ատելության տարածումը, ի վերջո ատելության խոսքից վերածվեց հանցագործության։ Հայերի վերաբերյալ բերածս օրինակը տարածվում է բոլոր այլ ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների իրականացման հանգամանքների և պատճառների վրա, քանի որ այս հանցագործության հիմքերը, ազդակները, ռիսկի գործոնները բավականին միանման են»,- նշեց Միրզոյանը։  

Նրա դիտարկմամբ՝ աշխարհում տիրող իրավիճակը և ցեղասպան ռիսկերի վտանգավոր միտումները պետք է ստիպեն գտնել մարդկանց կյանքերը փրկելու առավել արդյունավետ ճանապարհներ։ Ծանր բյուրոկրատական մեքենան պետք է դառնա ավելի զգայուն և ճկուն՝ ոչ միայն արդյունավետ կերպով արձագանք ապահովելու, այլև բոլորի հանդեպ հավասար վերաբերմունք դրսևորելու առումով։ Ազգային, ռասայական, էթնիկ խմբերի պաշտպանության ապահովումը պետք է շարունակի լինել մարդու իրավունքների միջազգային համակարգի ուշադրության կենտրոնում։ Միրզոյանի կարծիքով՝ միաժամանակ հասկանալի է, որ այդ առումով հաջողության միակ գրավականը միջազգային սերտ համագործակցությունն է, այդ թվում՝ ՄԱԿ-ի կառույցների, տարածաշրջանային կազմակերպությունների, անդամ երկրների, հասարակական կազմակերպությունների և այլ դերակատարների միջև։  

Այս համագործակցության ապահովումը վաղուց դարձել է ընդհանուր պատասխանատվություն, որում իրենց յուրովի դերն ունեն թե՛ որոշումների կայացման գործընթացում ներգրավված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն ու տարածաշրջանային խոշոր դերակատարները, թե՛ տեղում իրավիճակի վրա ազդեցություն ունեցող, իսկ հաճախ կանխարգելման օրակարգի առաջմղման հարցում առաջամարտիկի դեր ստանձնած փոքր պետությունները։   

«Այս համատեքստում այս տարվա ֆորումի համար ընտրված թեմաները՝ նվիրված ռիսկերի հայտնաբերմանը և շահագրգիռ բոլոր դերակատարների համագործակցության միջոցով վաղ կանխարգելման մեխանիզմների լավարկմանը, առավել քան արդիական են։ Իմ ելույթում հնչած գնահատականները խնդրում եմ ընկալել որպես կոչ՝ մեկտեղելու բոլորիս կամքը, գիտելիքները և հաստատակամությունը՝ պայքարելու ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ։ Միայն համախոհությունն է, որը թույլ կտա հաղթահարել հուսահատության շղթան և պայքարել իրավունքահեն աշխարհակարգի վերականգնման ուղղությամբ։ Խոսքս ցանկանում եմ ավարտել ցեղասպանության կանխարգելման բանաձևի մի շատ կարևոր դրույթով․ «Բոլոր ժողովուրդներն իրենց ներդրումն ունեն քաղաքակրթությունների և մշակույթների բազմազանության և հարստացման գործում, ինչը և կազմում է մարդկության ընդհանուր ժառանգությունը»։ Իսկ այդ ժառանգության պաշտպանության գործը յուրաքանչյուրիս պարտավորությունն է»,- եզրափակեց ՀՀ արտգործնախարարը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում