Աշխարհ

Հարավային Կորեայի նախագահը խոստացել է «պայքարել մինչև վերջ»

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախագահը խոստացել է «պայքարել մինչև վերջ»

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը պաշտպանել է իր կողմից ռազմական դրության հայտարարումը, հերքել է ապստամբության մեղադրանքները և խոստացել պայքարել մինչև վերջ իմփիչմենթի կամ ռազմական դրություն հայտարարելու գործով հետաքննության դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Հեռուստաուղերձում Յուն Սոկ Յոլը նշել է, որ ռազմական դրության ժամանակ Ազգային ժողով զորքեր ուղարկելը չի կարող համարվել ապստամբություն։ Նա միևնույն ժամանակ հրաժարվել է հետևել հրաժարական տալու կոչերին։ 

Յուն Սոկ Յոլն ասել է, որ ռազմական դրություն հայտարարելու համար օգտագործել է իր նախագահական իշխանությունը՝ «ազգը պաշտպանելու և պետական ​​գործերը կարգավորելու համար»։ Իր այս որոշումը Հարավային Կորեայի նախագահն անվանել է «մեծապես չափորոշված ​​քաղաքական դատողություն»:

«Անկախ նրանից` ինձ իմփիչմենթի կենթարկեն, թե կհետաքննեն, ես արդարացիորեն կդիմակայեմ դրան», - ասել է նա։

Յուն Սոկ Յոլն անակնկալ կերպով արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։ Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։

Հարավկորեական ընդդիմությունը նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց էր սկսել, սակայն Յուն Սոկ Յոլին հաջողվեց խուսափել իմփիչմենթից, քանի որ իշխող «Ժողովրդի ուժ» կուսակցության պատգամավորների ճնշող մեծամասնությունը հրաժարվել էր մասնակցել քվեարկությանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում