Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ում հայտնել են, որ Սիրիայում 16 միլիոն մարդ հրատապ օգնության կարիք ունի

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում հայտնել են, որ Սիրիայում 16 միլիոն մարդ հրատապ օգնության կարիք ունի

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության` Սիրիայի հարցով ներկայացուցիչ Գոնսալո Վարգաս Լյոսան հայտնել է, որ երկրում 16 միլիոն մարդ հրատապ հումանիտար օգնության կարիք ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Գոնսալո Վարգաս Լյոսան BBC-ի Համաշխարհային ծառայության Newsday ծրագրին հայտնել է, որ տարածաշրջանում վերջին մարտերի պատճառով տեղահանվել է 800 000 սիրիացի:

Մինչ այդ յոթ միլիոն սիրիացի դարձել էր ներքին տեղահանված, իսկ ավելի քան հինգ միլիոն մարդ փախել էր երկրից:

Լյոսան նշել է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մարդասիրական գործողությունները տուժած շրջաններում, ինչպիսիք են Հոմսը, Համան և Դամասկոսը, դանդաղորեն վերսկսվում են։

«Մենք մեր գրոծընկերների հետ անմիջապես մտնում ենք յուրաքանչյուր տարածք, որը դառնում է անվտանգ՝ փորձելով լրացնել այդ հումանիտար բացը», - հավելել է նա:

Դեկտեմբերի 8-ին զինված ընդդիմությունը գրավել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը։ Նախագահ Բաշար ալ-Ասադը հեռացել է երկրից՝ ապաստան ստանալով Մոսկվայում։  

Միևնույն ժամանակ Սիրիայում իշխանության տապալումից հետո զինված ընդդիմությունն անցումային կառավարություն է ձևավորում և այդ գործընթացի ղեկավար է նշանակել Մուհամեդ ալ-Բաշիրին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում