Թուրքիա

Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները

2 րոպեի ընթերցում

Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Սիրիայում վերջին զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Պետքարտուղար Բլինքենը քննարկել է իշխանության խաղաղ անցման անհրաժեշտությունը՝ ներառական, Սիրիայի կողմից առաջնորդվող գործընթացի միջոցով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի ոգով: Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի առաքելությունը շարունակելու և խաղաղ բնակչության, այդ թվում՝ խոցելի խմբերի ներկայացուցիչների և ամբողջ երկրում քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը: Պետքարտուղար Բլինքենը կրկնել է Սիրիայում բոլոր դերակատարների կողմից մարդու իրավունքները հարգելու և միջազգային մարդասիրական իրավունքը պահպանելու անհրաժեշտությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Բլինքենը նաև ցավակցություն է հայտնել Թուրքիայի Իսպարտա նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով թուրք զինծառայողների զոհվելու կապակցությամբ։ 

Իր հերթին Anadolu գործակալությունը, վկայակոչելով արտգործնախարարությունում իր աղբյուրներին, հաղորդում է, որ Ֆիդանը Բլինքենին ասել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տա ահաբեկչական կազմակերպություններին օգտվել Սիրիայում ստեղծված իրավիճակից։

Ֆիդանն ընդգծել է նաև Սիրիայի տարածքային ամբողջականության և քաղաքական միասնության կարևորությունը։ Թուրքիայի արտգործնախարարը նաև խոսել է միջազգային հանրության կողմից սիրիացի ժողովրդին աջակցելու անհրաժեշտության մասին՝ վերականգնելու վաղուց լքված ենթակառուցվածքները։ Նա ընդգծել է, որ կարևոր է ջանքեր գործադրել՝ ապահովելու մարդասիրական օգնության անխափան մատակարարումը Սիրիա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում