«Aznavour 100» բարեգործական համերգի հասույթը կուղղվի պատերազմների մասնակից ուսանողների կրթավճարներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 17-ին ժամը 19:00-ին տեղի կունենա «Aznavour 100» բարեգործական համերգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի մասնակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգային ծրագրում, ֆրանսիացի տաղանդավոր արտիստ Ժյուլ Գրիսոնի կատարմամբ, կհնչեն մեծանուն երաժիշտ և բարերար Շառլ Ազնավուրի ամենահայտնի ու սիրված երգերը։
Երաժշտության գործիքավորումը մեծ սիմֆոնիկ նվագախմբի և մենակատարների համար իրականացվել է ճապոնացի վիրտուոզ երաժիշտ Նոբույուկի Նակաջիմայի կողմից, ով համերգի ընթացքում հանդես կգա նաև որպես դաշնակահար։
Նախագծի պրոդյուսերն է Ժիլ Մարսալան, ով հայտնի է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներին նվիրված երաժշտաթատերական նախագծերով,
Համերգի ողջ հասույթը կուղղվի 2016 թվականի 4-օրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմների և դրանց հաջորդած մարտական գործողությունների մասնակից ուսանողների կրթական վճարների ապահովմանը։
Սա «4090 Բարեգործական» հիմնադրամի ամենամյա նախաձեռնությունն է՝ աջակցելու շուրջ 120 ուսանողի, ովքեր կրթության միջոցով կարող են փոխել իրենց կյանքի որակը։