Հարավային Կորեայի իշխող կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ նախագահին պետք է անհապաղ հեռացնել պաշտոնից
3 րոպեի ընթերցում
![Հարավային Կորեայի իշխող կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ նախագահին պետք է անհապաղ հեռացնել պաշտոնից](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/12/06/3hpuzSkEJJvSlZBTR9YOCPaeumK6f8UdmVXUsMxm.webp)
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ նախագահ Յուն Սոկ Յոլը պետք է հեռացվի իշխանությունից՝ ռազմական դրություն հայտարարելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Միևնույն ժամանակ երկրի հիմնական ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը հանդիպումներ է անցկացրել՝ քննարկելու նախագահի իմփիչմենթը։ Այդ հարցի շուրջ քվեարկությունը նշանակվել է դեկտեմբերի 7-ին։
Իշխող կուսակցության ղեկավար Հան Դոն Հունը դեկտեմբերի 6-ին կուսակցության նիստից հետո հայտնել է, որ Յուն Սոկ Յոլը ռազմական դրության գործողության մի քանի ժամերի ընթացքում կարգադրել էր ձերբակալել որոշ ականավոր քաղաքական գործիչների՝ նշելով, որ նրանք «հակապետական ուժերի» կազմում են եղել։
Նախագահի գրասենյակը հերքել է, որ նման հրաման է տրվել։
Հարավային Կորեայում նաև հերքել են այն լուրերը, թե ևս մեկ ռազմական դրություն է նախատեսվում հայտարարել։ Իշխող կուսակցության ղեկավարն ավելի վաղ հայտնել էր, որ նման վտանգ առկա է, քանի դեռ Յուն Սոկ Յոլը մնում է իշխանության։
Դեկտեմբերի 5-ին իշխող կուսակցությունը հայտարարել էր, որ քվեարկության ժամանակ կարգելափակի նախագահի իմփիչմենթը, սակայն Հան Դոն Հունը նշել է, որ այդ դիրքորոշումը կարող է փոխվել, այն «հավաստի փաստերի» ֆոնին, որ Յուն Սոկ Յոլը մտադրություն է ունեցել ձերբակալել քաղաքական ղեկավարների։
«Կարծում եմ՝ նախագահ Յուն Սոկ Յոլի անհապաղ հեռացումը պաշտոնից անհրաժեշտ է՝ պաշտպանելու Կորեայի Հանրապետությունը և նրա ժողովրդին՝ նոր առաջ եկած փաստերի լույսի ներքո», - ասել է Հան Դոն Հունը։
Յուն Սոկ Յոլն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ անակնկալ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին և ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։
Ռազմական դրության հայտարարումից հետո զինվորականները մտել էին խորհրդարանական համալիրի տարածք և բախվել մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել էր փակել նրանց ճանապարհը։ Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ընդհարվել էր ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ։
Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։