Աշխարհ

Հարավային Կորեայի վեց ընդդիմադիր կուսակցությունները նախագահին իմփիչմենթի ենթարկելու միջնորդություն են ներկայացրել խորհրդարան

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի վեց ընդդիմադիր կուսակցությունները նախագահին իմփիչմենթի ենթարկելու միջնորդություն են ներկայացրել խորհրդարան

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայի վեց ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում՝ ամենախոշոր Դեմոկրատական ​​կուսակցությունը, նախագահ Յուն Սոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու միջնորդություն են ներկայացրել խորհրդարան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Իմփիչմենթի միջնորդությունը ստորագրել է ընդդիմադիր 190 պատգամավոր։ Իշխող կուսակցության պատգամավորներն այն չեն ստորագրել։ Նախագահի իմփիչմենթի հարցը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում դեկտեմբերի 5-ին, իսկ դրա շուրջ քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 6-ին կամ դեկտեմբերի 7-ին։ 

Իմփիչմենթի ընդունման համար անհրաժեշտ է խորհրդարանականների երկու երրորդի աջակցությունը, այսինքն՝ Յուն Սոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու համար 300 անդամ ունեցող Ազգային ժողովի ընդդիմադիրներին հարկավոր է իշխող կուսակցության մի քանի պատգամավորի աջակցությունը։ 

Յուն Սոկ Յոլն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ անակնկալ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին և ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։ 

Հարավային Կորեայի նախագահը վաղ առավոտյան չեղարկել է ռազմական դրությունն Ազգային ժողովի միաձայն քվեարկությունից հետո, որով պատգամավորները պահանջել են չեղյալ համարել այն։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում