Մշակույթ

Ազգային պատկերասրահում բացվել է ««Խոսող կտավներ» ներառական նախագիծ Անլռելի զանգակատուն»» շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

Ազգային պատկերասրահում բացվել է ««Խոսող կտավներ» ներառական նախագիծ Անլռելի զանգակատուն»» շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 2  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ««Խոսող կտավներ» ներառական նախագիծ Անլռելի զանգակատուն»» շնորհանդեսը: 

Ծրագիրն իրականացվել է Կոմիտասի ծննդյան 155 և Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների շրջանակում: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի՝ Գրիգոր Խանջյանի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակներ:

Ծրագրի նպատակն է տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար հասանելի դարձնել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական նկարազարդումները: 

Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը ստեղծվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատկերազարդը ապահովված է՝

  • տիֆլոմեկնաբանությունով (կտավի ձայնային նկարագրություն. զուգահեռ ընթերցվում է «Անլռելի զանգակատուն» պոեմի այն հատվածը, որը ներկայացված է պատկերում),
  • QR-կոդով՝ YouTube-յան ալիքում տեղադրված տիֆլոմեկնաբանությունների հղումով,
  • համապատասխան երաժշտությամբ:

Նախագծի հնչյունային ռեժիսորն է Վահան Նահապետյանը, որը, պատկանելով նախագծի թիրախային խմբին, հանդես է գալիս նաև որպես «Խոսող կտավներ» նախագծի գլխավոր փորձագետ։

Նախագծի արդյունքում ստեղծված «Անլռելի զանգակատուն» պոեմի պատկերազարդների շոշափելի պատճենները փոխանցվելու են Հայաստանի ազգային պատկերասրահին՝ շոշափելի կատալոգի տեսքով:

Ծրագիրն իրականացրել է «Սարեր» մշակութային ՀԿ-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում