Վրաստան

Հրատեխնիկա, ջրցան մեքենաներ, անկարգություններ. Վրաստանում բողոքի ակցիան շարունակվել է ամբողջ գիշեր

2 րոպեի ընթերցում

Հրատեխնիկա, ջրցան մեքենաներ, անկարգություններ. Վրաստանում բողոքի ակցիան շարունակվել է ամբողջ գիշեր

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում գիշերը հերթական ցույցն է անցկացվել երկրի կառավարության որոշման դեմ, համաձայն որի մինչև 2028 թվականը Վրաստանը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը հաղորդում է ոստիկանների կողմից ջրցան մեքենաների կիրառման, տուժած ոստիկանների և ցուցարարների անկարգությունների մասին։ 

Ըստ Վրաստանի հանրային հեռարձակողի՝ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր առարկաներ, հրատեխնիկա։ Ոստիկանությունը հանրահավաքի մասնակիցներին կոչ է արվել ցրվել, այնուհետև նրանց դեմ կիրառել է ջրցան մեքենաներ։ Նշվում է, որ 14 ոստիկան տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել։ 

Իր հերթին Sputnik գործակալության վրացական ծառայությունը, վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը, հաղորդում է Ներքին գործերի նախարարության 21 տուժած աշխատակցի մասին։ Նոյեմբերի 28-ին ցույցերի մեկնարկից ի վեր տուժած ոստիկանների թիվը հասել է 113-ի։

Ըստ հրապարակման՝ բողոքի ակցիայի մասնակիցներն ամբողջ գիշեր ոստիկանների, հատուկ նշանակության ուժերի և խորհրդարանի շենքի վրա են նետել տարբեր առարկաներ, հրատեխնիկա են արձակել, բարիկադներ կառուցել և խարույկներ վառել։ Ցուցարարները վնասել են խորհրդարանի լուսավորման համակարգը և տեսախցիկները։ 

Առավոտյան ժամը 7-ին Ռուսթավելիի պողոտայից ցուցարարները հեռացել են, տարածքը մաքրվել է, երթևեկությունը՝ վերականգնվել։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում