Վրաստան

Վրաստանն օրակարգից հանում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը

2 րոպեի ընթերցում

Վրաստանն օրակարգից հանում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի իշխանությունները որոշել են օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը և հրաժարվել են կառավարության համար դրամաշնորհներ ստանալուց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ մեջբերելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքերը։

Վրաստանի վարչապետն այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարության և քաղխորհրդի անդամների հետ խորհրդարանական մեծամասնության առաջնորդների հանդիպումից հետո։

«Այսօր մենք որոշեցինք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգում չդնել մինչև 2028 թվականի վերջը: Մենք նաև հրաժարվում ենք Եվրամիության բոլոր բյուջետային դրամաշնորհներից մինչև 2028 թվականի վերջը», - ասել է Կոբախիձեն:

Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը օգտագործվում է որպես Վրաստանին շանտաժի ենթարկելու գործիք, ինչպես դա եղավ այդ երկրին ԵՄ-ին թեկնածուի կարգավիճակ տալու հարցում։

Միաժամանակ, Կոբախիձեն ընդգծել է, որ կտրականապես անընդունելի է Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը որպես ողորմություն համարելը։

«2028 թվականի վերջը այն ժամանակն է, երբ Վրաստանը, տնտեսական տեսակետից, պատշաճ կերպով պատրաստ կլինի 2030 թվականին Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար»,- ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ այդ որոշումը չի նշանակում, որ Թբիլիսին վերջ է դնում եվրաինտեգրմանը։

Նա հայտարարել է, որ Վրաստանը չի դադարում և շարունակում ենք կատարել ասոցացման համաձայնագրի օրակարգով նախատեսված պարտավորությունները և, ինչպես նշվում է, այսօր հաստատված կառավարության ծրագրում, մինչև 2028 թվականը Թբիլիսին կկատարի այդ պարտավորությունների ավելի քան 90 տոկոսը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում