«Երևանյան բեսթսելեր». «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, հոկտեմբեր, 2024

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքների։

Առաջին տեղում է Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը: Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը երկրորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Յուվալ Նոյ Հարարիի Nexus-ը երրորդ հորիզոնականում է։ Վերջին 100,000 տարում մենք՝ սապիենսներս, հսկայական ուժ ենք կուտակել: Ու չնայած մեր բոլոր հայտնագործություններին, գյուտերին և նվաճումներին՝ այժմ բախվել ենք գոյաբանական ճգնաժամի: Աշխարհը բնապահպանական կործանման եզրին է: Ապատեղեկատվությունն ահռելի չափի է հասել: Ու այս ամենի ֆոնին մենք գլխապատառ նետվում ենք դեպի ԱԲ դարաշրջան: Տեղեկատվական նոր ցանց, որը սպառնում է ոչնչացնել մեզ: Այսքան բանի հասնելուց հետո ինչո՞ւ ենք մենք՝ սապիենսներս, այդքան ինքնաոչնչացվող տեսակ:Nexus-ում Հարարին կրկին խոշորացույցի տակ է վերցրել մարդկության պատմությունը։ Այս անգամ նա ուսումնասիրում է, թե ինչպես է տեղեկատվության հոսքը ձևավորել մեզ ու մեր աշխարհը: Ճանապարհորդությունը սկսելով Քարի դարից մինչև Աստվածաշնչի կանոնիկացում, վաղ միջնադարյան վհուկորսից հասնելով ստալինիզմին, նացիզմին և մեր օրերում պոպուլիզմի վերելքին՝ Հարարին մեր ուշադրությունը հրավիրում է տեղեկատվության և ճշմարտության, բյուրոկրատիայի ու առասպելաբանության, խոհեմության և իշխանության խճճված կապի վրա:Նա բացատրում է, թե հասարակությունները և քաղաքական համակարգերը պատմության ընթացքում ինչպես են ինֆորմացիան կիրառել իրենց լավ կամ վատ նպատակներին հասնելու համար: Տեղեկատվությունը բացարձակ ճշմարտություն չէ, ոչ էլ սոսկ զենք: Nexus-ը բացահայտում է այս երկու ծայրահեղությունների ոսկե միջինը:

Չորրորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի,  իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Արա Թադեւոսյանի և Լուսինե Ղարիբյանի «Վանոն ու Վազգենը. երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» հինգերորդ տեղում է։ Գիրքը պատմում է Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերից երկուսի մասին: Շատ փաստեր եւ վկայություններ ներկայացված են առաջին անգամ՝ թույլ տալով ավելի լավ հասկանալ Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի հարաբերությունները տարբեր ժամանակաշրջաններում:  Հեղինակները զերծ են մնում եզրակացություններից՝ վստահ լինելով, որ ներկայացվող նյութը ընթերցողներին հնարավորություն կտա սեփական գնահատականներն անել: Գիրքը նաեւ բազմաթիվ դրվագներ է ներկայացնում Հայաստանի նորագույն պատմությունից, որոնք կարեւոր են այսօրվա իրողությունները հասկանալու համար:

Դանիել Քանեմանի «Մտածողություն. արագն ու դանդաղը» վեցերորդ տեղում է։ Հոգեբան և Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Քանեմանի «Մտածողություն. Արագն ու Դանդաղը» հանրահայտ գիրքը մեկընդմիշտ կփոխի մարդկային մտածողության մասին ձեր պատկերացումները։ Հեղինակը ծանոթացնում է մեզ մտածողության երկու «կերպարներին»՝ արագ ու ինտուիտիվ Համակարգ 1–ին և դանդաղ ու տրամաբանական Համակարգ 2–ին, որոնք, միմյանց փոխլրացնելով, ձևավորում են մեր դատողությունները և ազդում մեր գործնական ու անձնական որոշումների վրա։

Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յոթերորդ տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:

Բոդո Շեֆերի «Հաղթողների 30 օրենքները» գիրքը ութերորդ տեղում է։ Այն կսովորեցնի  լիարժեք վերահսկողություն հաստատել սեփական կյանքի նկատմամբ, փոխել վերաբերմունքը ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, միշտ առաջ շարժվել ու զարգանալ, հասնել ֆինանսական անկախության, լինել «արծիվ», այլ ոչ թե «բադ»:

Իններորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը: Գրքում ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարարներ, մասնագետներ, ուսանողներ: Գիրքը կարդալով՝ ընթերցողը կիմանա 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:

Տասներորդ հորիզոնականում է Էկհարթ Թոլլի «Ներկայի ուժը»։ «Ներկայի ուժը» գիրքը իրավմամբ համարվում է պոպուլյար հոգեբանության, մոտիվացիայի և էզոթերիկայի ժանրերի ամենաառանցքային ստեղծագործություններից մեկը, իսկ հեղինակ Էկհարթ Թոլլը՝ ամենահեղինակավոր հոգևոր ուսուցիչներից մեկը: Այս գիրքը կստիպի ձեզ մի պահ դադարեցնել մտքերում տիրող աղմուկը, երանելի լռություն հաստատել հոգում և գլխում ու վերջապես ապրել միակ իրական պահը՝ Ներկա պահը:

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփ․Գիրք Հրատ․Քանակ
1+1Էրիկ Բեռն, «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ»Դավինչի168 
2+4Ջեյմս Քլիըր, «Ատոմային սովորություններ»  Էդիթ Պրինտ111
3+2Յուվալ Նոյ Հարարի, NexusNewmag105 
4-3Ջո Նավարո, «Ես կարդում եմ Ձեր մտքերը» Դավինչի101
5 նորԱրա Թադեւոսյան, Լուսինե Ղարիբյան, «Վանոն ու Վազգենը. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը»  Մեդիամաքս92
6+2Դանիել Քանեման, «Մտածողություն. արագն ու դանդաղը»Դավինչի72
7-4Հեկտոր Գարսիա, Ֆրանսեսկ Միրալես, «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը»Դավինչի72
8-4Բոդո Շեֆեր, «Հաղթողների 30 օրենքները»   Դավինչի70
9*Վահագն Դիլբարյան, «100 բիզնես գաղտնիքներ»Էդիթ Պրինտ44
10*Էկհարթ Թոլլ, «Ներկայի ուժը» Դավինչի36
Հայերեն Русский