Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի հայագիտության բաժինը նոր ղեկավար ունի

16 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի հայագիտության բաժինը նոր ղեկավար ունի․ բաժինն այսուհետ կղեկավարի բելգիացի երիտասարդ հայագետ Էմանուել Վան Էլվըրդինգը։ Հայտնի պրոֆեսոր, տասնամյակներ շարունակ Լյուվենի կաթոլիկ համալսարանի հայագիտության բաժնի ղեկավարի պաշտոնում Հայաստանի ու հայերենի հանդեպ սեր փոխանցած հայագետ Բեռնար Քուլիի նախկին ուսանողն այսօր փորձում է նույն ոգևորությունը փոխանցել հաջորդ սերունդներին։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում երիտասարդ հայագետն անդրադարձել է հայերենն ընտրելու պատճառներին, հայոց լեզվի ու գրականության առանձնահատկություններին, գրաբարի կարևորությանն ու այն նախագծերին, որոնք ցանկանում է ի պաշտոնե կյանքի կոչել։ 

-Պրոֆեսոր Բեռնար Քուլիից հետո Դուք Լյուվենի կաթոլիկ համալսարանի հայագիտության պատասխանատուն եք։ Ինչպե՞ս է Ձեր ճանապարհը հատվել հայագիտության հետ։ Որտեղի՞ց է այս կիրքը Հայաստանի և հայերենի հանդեպ:

-Այս կիրքն իսկապես ծնվել է պատահականորեն և մեծ մասամբ Բեռնար Քուլիի շնորհիվ։ Սկզբում ինձ հետաքրքրում էին բոլոր հին լեզուները։ Որոշ միջնակարգ դպրոցներում դեռ դասավանդվում են լատիներեն և հին հունարեն, իմ դպրոցը դրանցից մեկն էր, և ես հետևեցի այդ տարբերակին: Համալսարան հաճախեցի այս հնագույն լեզուների մասին ավելին իմանալու, ինչպես նաև ուրիշ՝ չիմացածս լեզուներ սովորելու ցանկությամբ: Լյուվենի կաթոլիկ համալսարանի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն առաջարկում է արևելյան լեզուների շատ լայն ընտրություն։ Մի քանիսը ընտրեցի, այդ թվում՝ հայերեն և վրացերեն։ 

Այդպիսով, ինձ դասավանդեց նաև Բեռնարդ Քուլին, ով իրականում տարիների ընթացքում ինձ փոխանցեց իր կիրքը: Դրանք միշտ փոքր խմբակային պարապմունքներ էին՝ շատ արդյունավետ դինամիկայով։ Այդպես սովորեցի հին հայերենը՝ նախ լեզվի համար, իսկ հետո լեզվի միջոցով բացահայտեցի Հայաստանի պատմությունն ու մշակույթն իր ողջ հարստությամբ: Այս ամենն, իհարկե, Հայաստան առաջին այցիցս առաջ…

-Հին հայերենն այնքան տարածված չէ, որքան մյուս հին լեզուները։ Ինչո՞վ է այն հատկապես հետաքրքիր՝ մյուս հին լեզուների  հետ համեմատած: 

Հայերենը հետաքրքիր լեզու է մի քանի պատճառներով։ Նախ, այն պատկանում է հնդեվրոպական ընտանիքին, այսինքն՝ նույն մեծ ընտանիքին, որին պատկանում են մեր եվրոպական լեզուները, թեև դրանց և հայերենի միջև հսկայական տարբերություններ կան։ Եվ հենց այս տարբերություններն են հետաքրքրականը։ Սկսում ենք նույն նախապատմական նախնյաց լեզվից, բայց տարբեր էվոլյուցիաներով, որոնք տարբեր արդյունքներ են տալիս: Այսպիսով, դուք ունեք հնդեվրոպական լեզուների գծով մասնագիտացած լեզվաբաններ, որոնք կուսումնասիրեն հայերենը այնպես, ինչպես ալբաներենը, ռուսերենը, պարսկերենը և այլն՝ փորձելով վերակառուցել այս նախնյաց լեզուն։ Այն, ինչ անձամբ ինձ հմայում է հայոց լեզվի և տեքստերի մեջ, դրա՝ շատ ավելի քիչ ուսումնասիրված լինելն է, թեև այն շատ հարուստ է։ Սա նշանակում է, որ դեռ շատ բան կա բացահայտելու։ Սա ակնհայտորեն շատ խթանող ու ոգևորող է հետազոտողի համար։ 

Հին հայերենի մեկ այլ ուշագրավ առանձնահատկությունը զգալի ազդեցությունն է, որ այն կրել է այլ լեզուներից, հատկապես պարսկերենից։ Չնայած դրան՝ հայերենը միշտ մնացել է հայերեն, իսկապես առանձնահատուկ լեզու, որը, եթե նայենք հնդեվրոպական լեզվաբանի տեսանկյունից, նույնիսկ պահպանել է շատ հին լեզվական գործառույթներ, որոնք կորել են շատ լեզուներում, ինչպես օրինակ ֆրանսերենում։ Ի թիվս այլ բաների՝ ես խոսում եմ հոլովների մասին։ Եվ հակառակը, հայերենը նույնպես շատ նորարարություններ է կատարել, օրինակ՝ ամբողջությամբ կորցնելով քերականական սեռի հասկացությունը։ Արխաիզմների, փոխառությունների ու նորարարությունների այս հանդիպումն է, որ հայերենը դարձնում է հետաքրքրաշարժ։ Իհարկե, առանց բուն տեքստերի մասին խոսելու, որովհետև հին հայ գրականության հարստության մասին շատ բան կլինի ասելու:

-Հայ գրականության մեջ ի՞նչն է Ձեզ առանձնապես հոգեհարազատ։

-Ձեռագիր հիշատակարանները, որն իմ դոկտորական թեզի թեման էր։ Սրանք տեքստեր են, որոնք գրված են ընդօրինակողների կողմից ձեռագրերի վերջում, որտեղ նրանք խոսում են իրենց աշխատանքի, պատմական իրադարձությունների, իրենց վանքի, ընտանիքի, հավատքի և շատ այլնի մասին։ Դա գոյություն ունի այլ լեզուներում ևս, բայց միայն հայերենում առկա տեքստերի դեպքում կարելի է խոսել իսկական գրական ժանրի մասին՝ այդքան մանրակրկիտ ու բազմազան տեքստեր։ Ընդհանուր առմամբ դրանք մեծ գրականություն համարել չի կարելի, բայց դրանցում գտնում ենք շատ գեղեցիկ տեքստեր, որոնք կարևոր պատմական վկայություններ են՝ երբեմն թույլ են տալիս գործնականում հետևել դպիրների առօրյային։ Իմ հետազոտության մեջ ինձ հետաքրքրող ասպեկտն այն է, որ այս հիշատակարանների շնորհիվ շատ կոնկրետ տեսնում ենք, թե ինչպես են հայերեն տեքստերը հասել մեզ՝ ո՞ր վանականների կողմից ընդօրինակվելով, ո՞ր շրջանի եկեղեցիներում, ո՞ր ժամանակահատվածում և ի՞նչ դժվարություններով։ 

-Քանի որ աշխատում եք հատկապես հին տեքստերի հետ, կարելի է ենթադրել, որ Մատենադարանը ձեզ համար առանձնահատուկ կարևոր և հետաքրքիր վայր է։ Մատենադարանի հետ համագործակցություն ունե՞ք։

-Այո, իսկապես, Մատենադարանն ինձ համար հստակ ռեֆերենս վայր է, որտեղ ես սիրում եմ լինել և՛ որպես այցելու, և՛ որպես հետազոտող։ Իսկապես եզակի վայր է։ Չեմ կարծում, որ աշխարհում որևէ այլ տեղ կա նման հաստատություն, որը նվիրված է առաջին հերթին ձեռագրերին, բայց միևնույն ժամանակ թանգարան է, գրադարան և գիտահետազոտական ​​կենտրոն։ Լյուվենի կաթոլիկ համալսարանը Մատենադարանի հետ հարաբերությունների երկար պատմություն ունի։ Մասնավորապես, Էրազմուս+ ծրագրի շրջանակներում մենք մի քանի տարի փոխանակումներ ենք ունեցել, ինչը հնարավորություն է տվել Մատենադարանի մեծ թվով հետազոտողների գալ և դասավանդել այստեղ կամ իրենց հետազոտություններն իրականացնել ։ Մեկ այլ օրինակ է Լյուվենի մի պրոֆեսոր, ով այժմ ավստրիական համալսարանի հետ համագործակցությամբ պատրաստում է Մատենադարանում և Էջմիածնում պահպանվող սիրիական ձեռագրերի կատալոգը։ Մենք ունենք նաև շատ բարձր մակարդակի արևելագիտության գիտական ​​ամսագիր՝ «Le Muséon», որտեղ Մատենադարանի գիտաշխատողները պարբերաբար հրապարակում են իրենց աշխատանքները։ Սրանք մեզ համար թանկ կապեր են, և ես կցանկանայի դրանք ավելի խորացնել։ 

-Հատկապես ո՞ր ուսանողներին է հետաքրքրում հայագիտությունը և ո՞րն է ամենակարևորը, որ ուզում եք փոխանցել նրանց: 

-Մի քանի պրոֆիլներ կան։ Ընդհանրապես, այն ուսանողներն են, որոնք ցանկանում են առերեսվել ինչ-որ անհայտ բանի հետ, որոնք հետաքրքրված են հին լեզուներով և օտար մշակույթներով, որոնք ցանկանում են մտածել կաղապարից դուրս: Ոմանք հետաքրքրված են սիրիական լեզվով կամ Հին Միջագետքի լեզուներով, ինչպես նաև հետևում են հայերենին, քանի որ երկուսը լավ լրացնում են միմյանց։ Մյուսները ավելի շատ լեզվաբան են և ցանկանում են սովորել տարբեր հնդեվրոպական լեզուներ, այդ թվում՝ հայերենը: Ուրիշներին գրավում է արևելյան քրիստոնեությունը։ Ամեն դեպքում նրանք հետաքրքրասեր են, բայց, միևնույն ժամանակ, ուսանողներ են, որոնք համարձակվում են մտնել մի դաշտ, որն, ամենայն հավանականությամբ, շատ խորհրդավոր է։ Միգուցե, այս պատճառով է, որ այդ ուսանողների թիվը մեծ չէ։   

Առաջին բանը, որ ուզում եմ փոխանցել նրանց, պարզապես Հայաստանի և Վրաստանի մասին գիտելիքներն են, քանի որ երկուսն էլ բակալավրիատի մակարդակով ուսուցանվում են: Սրանք երկրներ են, որոնց մասին Բելգիայում քչերն են լսել: Մենք գիտենք, որ այդ երկրները գոյություն ունեն, բայց մենք չգիտենք, թե ինչպես դրանց տեղորոշել աշխարհագրորեն, քարտեզի վրա․ ավելի քիչ բան գիտենք մշակութային և պատմական առումով: Եվ հետո, իհարկե, նպատակս է հետաքրքրություն առաջացնել այս երկրների և նրանց մշակույթների նկատմամբ, կամ նույնիսկ, ով գիտե, կիրք առաջացնել: Բայց ինձ համար գլխավորը իսկապես նրանց պատկերացում տալն է, թե ինչ է Հայաստանը, իսկ հետո գրականության միջոցով գիտակցություն առաջացնելը դրա կարևորության վերաբերյալ։ Երբ ուսանողները սովորում են հայերենի քերականության հիմունքները և կարդում Ավետարանների թարգմանության մի քանի գլուխներ, ես փորձում եմ հնարավորինս արագ անցում կատարել մեծ հեղինակներին՝ Մովսես Խորենացուն, Ագաթանգեղոսին, Եզնիկին, Գրիգոր Նարեկացուն...

-Որոնք ե՞ն Ձեր ծրագրերն այս նոր պաշտոնում։ 

-Հայագիտության ոլորտում իմ հիմնական հետաքրքրությունը Աստվածաշնչի ձեռագրերն են։ Դրանք չափազանց շատ են։ Հայերենը լատիներենից և հունարենից հետո այն լեզուն է, որով Աստվածաշունչն ամենաշատն է արտագրվել։ Ավելին, դրանք շատ հարուստ են՝ հատկապես իրենց գեղարվեստական ​​և պատմական հիշատակարանների պատճառով: Հիմնական նախագիծը, որը ես կցանկանայի իրականացնել, և որը տարիներ կպահանջի՝ ընդհանուր և մանրամասն ուսումնասիրելն է հայերեն Աստվածաշնչի ավանդույթը տարբեր ասպեկտներով՝ տեքստային, գեղարվեստական, պատմական, աստվածաբանական և այլն: Նպատակս է լինելու տեսնել, թե ինչպես է ավանդույթը զարգացել ձեռագրերի զանգվածի միջոցով և, մասնավորապես, հրապարակել այնտեղ առկա և դեռևս անհայտ տեքստեր: Եթե օրինակ բերեմ, որի վրա արդեն աշխատելու հնարավորություն եմ ունեցել, Հայտնության գիրքն է՝ Նոր կտակարանի վերջին գիրքը։ Հայերենում կան այս գրքի տարբեր տարբերակներ, որոնք շատ քիչ են հայտնի, թեև այն կարևոր թեմա է թե՛ աստվածաշնչագետների, թե՛ հայագետների համար, քանի որ տարբեր տարբերակները, որոնք թվագրվում են տարբեր ժամանակաշրջանների, ունեն լեզվական և ոճային տարբերություններ, նաև երկար ժամանակ պահանջվեց, որ այս գիրքն ընդունվի հայ եկեղեցու կողմից։

Ցանկանում եմ նաև շարունակել Բեռնար Քուլիի և իմ գործընկերների կատարած կարևոր աշխատանքը գրաբարի համակարգչային մշակման ուղղությամբ։ Լյուվենի կաթոլիկ համալսարանում մենք երկար ժամանակ է՝ աշխատում ենք դրա վրա, ոչ միայն այն պատճառով, որ այն հեշտացնում է տեքստերի կոնսուլտացիան ու օգտագործումը, այլ նաև լեզվի էվոլյուցիան և տեքստեր գրելու տեխնիկան շատ ճշգրիտ ուսումնասիրելու համար: Հայագիտությունը, իհարկե, արդեն թևակոխել է թվային դարաշրջան, բայց կարծում եմ, որ դեռ շատ բան կա անելու, կարելի է հեշտացնել տեքստերի, ձեռագրերի, հետազոտությունների և այլնի հասանելիությունը՝ հատկապես հայերենին չտիրապետող հանրության համար: 

Ես կցանկանայի օգտվել համալսարանում իմ դիրքից՝ զարգացնելու հայկական մշակութային ժառանգության թվային տեսանելիությունը՝ համագործակցելով այլ հաստատությունների հետ: 

-Հին ձեռագրերը և թվայնացումը, մասնավորապես արհեստական ​​բանականության հետ առնչությունը, կարծեք թե, բավականին անհամատեղելի են: Երկու բոլորովին տարբեր աշխարհներ... 

-Խնդիրն արհեստական ​​բանականությունը խելացիորեն օգտագործելն է: Արհեստական ​​բանականությունն այժմ այնքան զարգացած է, որ ChatGPT-ն, օրինակ, կոնկրետ հարցումներին տալիս է պատասխաններ, որոնք երբեմն ապշեցուցիչ են, հատկապես, եթե դրանք տեխնիկական են: Այս տեխնոլոգիական զարգացումը կարող է և պետք է օգնի մեզ։ Ֆրանսիայում մեր գործընկերները, որոնց հետ համագործակցում ենք, ուսումնասիրում են արհեստական ​​բանականության կիրառումը, որպեսզի դյուրացնեն ձեռագրերի թվայնացման և ընթերցանության գործընթացը, մասնավորապես հայերենով։ Խոսքս վերաբերում է տեքստերի ավտոմատ արտագրմանը և նույնիսկ ավտոմատ վերլուծությանը: Առայժմ դա ավելի արագ է, քան նախորդ մեթոդները, որոնք հիմնված են մարդկային միջամտության և ավանդական հաշվողական ռեսուրսների վրա, բայց արհեստական բանականության դեպքում սխալները դեռ շատ են: Համոզված եմ, որ գործընթացը կշարունակի բարելավվել, բայց, չնայած դրան, մենք միշտ մարդկային ներուժի կարիքը կունենանք։ Մի բան հաստատ է, որ այս նոր տեխնոլոգիաները կարագացնեն առաջադրանքների իրականացումը, որը ներկայումս պահանջում է աշխատուժ: Սրանից հայագիտությունը շատ կշահի՝ հաշվի առնելով, որ հումանիտար գիտությունների այլ ոլորտների համեմատ շատ քիչ մասնագետներ ունենք: Մնում է մեկնաբանության, արտացոլման, համատեքստայնացման և հաղորդակցման աշխատանքը, որտեղ մարդկային միտքը, թեկուզ արհեստական ​​բանականության օգնությամբ, իմ կարծիքով միշտ կմնա էական:  

-Եվ վերջում, Հայաստան կատարած առաջին այցելության ժամանակ ի՞նչն է Ձեզ ամենաշատը գրավել։ 

-Դա տասը տարի առաջ էր՝ 2014 թվականին։ Հայաստան գնացի մասնակցելու հայագիտական ​​խոշոր միջազգային գիտաժողովի՝ Մատենադարանում։ Անգամ կարողացա այցելել Արցախ՝ Շուշի, Գանձասար։ Իրականում ինձ շատ բան տպավորեց։ Հայաստանն աշխարհում բավականին եզակի վայր է և շատ տարբեր, քան մինչ այդ գիտեի: Երբ գնում եմ Հայաստան, ամենից առաջ սիրում եմ բացահայտել վանքերը, ինչպես նաև այլ պատմական վայրերը և բնությունը: Մյուս կողմից՝ Երևանն այն մեծ քաղաքն է, որտեղ զգում ես մեծ դինամիկա և մարդկային ջերմություն՝ իր ռեստորաններով, սրճարաններով։ Բնականաբար, ինձ միանգամից գրավեց հայկական խոհանոցը։ Բացի այդ, առաջին անգամ Հայաստան մեկնողներին միշտ խորհուրդ եմ տալիս փորձել իմ սիրելի ուտեստը՝ ժենգյալով հացը։ 

Բայց, ի վերջո, անկասկած, հենց Մատենադարանն է ինձ ամենաշատը տպավորել։ Իսկական մշակույթի տաճար է՝ իր տեսակի մեջ եզակի, և որի մասին բոլոր հայերը գիտեն։ Մենք Բելգիայում, իհարկե, ունենք շատ գեղեցիկ մշակութային հաստատություններ, թանգարաններ, թագավորական գրադարան և այլն, բայց այս ժառանգության վերաբերյալ նույն հայրենասիրական գիտակցությունը չկա, ինչ ես ընկալեցի Հայաստանում։ Ես խորապես հիացած եմ ազգային մշակույթը պաշտպանելու և տարածելու այս ցանկությամբ, որի կարևորությունը, ըստ էության, համամարդկային է։ 

Հայերեն Français