Հարավային Կորեայում ձյան ռեկորդային տեղումներ են գրանցվել
1 րոպեի ընթերցում
![Հարավային Կորեայում ձյան ռեկորդային տեղումներ են գրանցվել](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/27/Sc4P6ui2rBVIsPndsFmGy9YIWQtoXnVVFiz0jtuR.webp)
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայում եղանակային դիտարկումների պատմության ընթացքում նոյեմբեր ամսվա համար ձյան ամենաառատ տեղումներն են գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Korea Herald պարբերականը հաղորդում է տեղումների պատճառով 1 զոհի, 6 վիրավորի մասին։
Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում գրանցվել են ավելի քան 20 սմ ձյան տեղումներ։ Yonhap-ը հաղորդում է, որ երկրի օդանավակայաններում 40 թռիչք չեղարկվել է, 180-ը՝ հետաձգվել։ Շուրջ 100 ուղևորատար նավ չեղարկել է նավարկությունները։ Հարյուրավոր տներ մնացել են առանց էլեկտրամատակարարման։
Օդերևութաբանները նշում են, որ ձյան տեղումները կարող են շարունակվել նաև նոյեմբերի 28-ին։