Հայաստան

Հայաստանում պարզեցվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով ծառայությունների մատուցման գործընթացը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում պարզեցվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով ծառայությունների մատուցման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հրապարակել է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման» կարգը փոփոխելու նախագիծը, որի նպատակն է պարզեցնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով ծառայությունների մատուցման ընթացակարգերը և կրճատել շահառուների սպասելաժամանակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի հրապարակման հարթակում։ 

Նախագծով նախատեսվում է վերանայել և հստակեցնել արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի համար փոխհատուցվող ծավալները: Առաջարկվող փոփոխությունները թույլ կտան օպտիմալացնել գործընթացները՝ հաշվի առնելով պետական պատվերի շրջանակում ֆինանսավորման փուլային կառուցվածքը:

Նախագիծը նախատեսում է բացառել զոհված զինծառայողների ծնողների համար առողջապահության նախարարության միջոցով համապատասխան հրամաններ ստանալու պարտադիր պահանջը, ինչը զգալիորեն կբարելավի գործընթացի արդյունավետությունը:

Առողջապահության նախարարության կողմից իրականացվող կրկնվող գործառույթների օպտիմալացումը կնվազեցնի շահառուների սպասելաժամանակը: Դեպք վարողի համակարգի ներդրումը կներառի բոլոր ֆինանսավորման դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրությունը՝ բացառելով ավելորդ վարչարարությունը:

Նախագծի ընդունման արդյունքում շահառուների համար կպարզեցվի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների տրամադրման գործընթացը՝ ապահովելով գործընթացի առավել բարձր արդյունավետություն և շահառուների գոհունակություն:

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից։ Այն չի պահանջի լրացուցիչ ֆինանսական միջոցներ և պետական բյուջեում էական ծախսերի ավելացում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում