ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտնել է այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ 2025 թվականին աշխատելու են Հայաստանն ու Եվրամիությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահն այդ մասին խոսել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
ՀՀ նախագահը հայտարարել է, որ 2024 թվականը Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության առումով յուրահատուկ է եղել, որովհետև կողմերը երկու ծրագրերով սկսել են համատեղ աշխատանք իրականացնել։
Նախագահը հստակեցրել է, որ խոսքը ԵՄ խաղաղության հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին աջակցություն տրամադրելու և ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին է։ Նա շեշտեց, որ ցանկություն կա ԵՄ-ի հետ քննարկել նաև անվտանգային հարցեր։
«Այս հարցերի շրջանակում ենք տեսնում Եվրամիության հետ մեր աշխատանքները 2025 թվականին՝ ԵՄ խորհրդում Լեհաստանի նախագահության ժամանակաշրջանում»,- ասել է Վահագն Խաչատուրյանը՝ վստահություն հայտնելով, որ այդ համատեղ աշխատանքը կստացվի, քանի որ Հայաստանը Եվրոպական միության հետ աշխատանքներում միշտ զգացել է Լեհաստանի աջակցությունը տարբեր նախաձեռնություններում։