ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվեց և հաստատվեց «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը։
Նախարարի տեղակալը նշեց, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի համատեղ նախաձեռնությամբ։ Հիմնադրամի առանձին միջազգային ֆինանսական կառույցի կարգավիճակ տալու անհրաժեշտությունը ծագել է տարածաշրջանային ֆինանսական կայունության ապահովման նպատակով։
«Հիմնադրամը մինչ օրս կառավարվում էր Եվրասիական զարգացման բանկի կողմից, սակայն երկու կառույցներն ունեն տարբեր նպատակներ. բանկը ֆինանսավորում է մասնավոր նախագծերը, իսկ հիմնադրամի նպատակն է տարածաշրջանային ֆինանսական կայունության ապահովումը»,-ընդգծեց Էդուարդ Հակոբյանը։
Նախարարի տեղակալը ներկայացրեց, որ հիմնադրամի ընդհանուր ներդրումները կազմում են 8,5 միլիարդ դոլար, որից 7,5 միլիարդը ներդրվել է Ռուսաստանի կողմից։ Նրա խոսքով՝ Հայաստանը հիմնադրամում ունի 1 միլիոն դոլարի ներդրում։
Նա հայտնեց, որ Հայաստանում հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում 2024 թվականի դրությամբ իրականացվել է շուրջ 840 միլիոն դոլարի ծրագրեր, որից 540 միլիոն դոլարը՝ ընթացիկ ծրագրեր։
«Ամենախոշոր ծրագրերից են Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Քաջարանի հատվածից մինչև Իրանի սահման ընկած հատվածի շինարարությունը, Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը (200 միլիոն դոլարի ներդրում) և ոռոգման համակարգերի բարելավման 40 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը։ Բացի այդ, քննարկման փուլում է Մաստարայի ջրամբարի կառուցման նախագիծը»,-ասաց նա։
Հաստատված նախագծի շրջանակներում հիմնադրամը կստանա առանձին միջազգային կառույցի կարգավիճակ, ինչը թույլ կտա ավելի արագ արձագանքել հիմնադիր երկրների կարիքներին։
Հակոբյանը հատկապես ընդգծեց հիմնադրամի դերն առողջապահության ոլորտում՝ նշելով Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում իրականացված ծրագրերը։
ԱԺ հանձնաժողովը միաձայն քվեարկեց նախագծի օգտին, որը նախատեսվում է առաջիկայում ներկայացնել լիագումար նիստի քննարկմանը։