Տնտեսություն

Հայաստանում կգործարկվի արտահանման խթանման նոր ծրագիր՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կգործարկվի արտահանման խթանման նոր ծրագիր՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը «e-draft» իրավական ակտերի միասնական կայքում ներկայացրել է արտահանման խթանման նպատակով մաքսատուրքի փոխհատուցման ծրագրի նախագիծ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն նախատեսում է աջակցել Հայաստանի արտադրողներին՝ ապահովելով նրանց համար արտահանման ավելի բարենպաստ պայմաններ։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մշակած նախագիծը նպատակ ունի լուծելու ՀՀ արտադրողների առջև ծառացած խնդիրները՝ կապված միջազգային շուկաներ ապրանքների արտահանման հետ։ Վերջին շրջանում աճել են ապրանքների տեղափոխման ծախսերը, ինչն առաջացել է եղանակային և տրանսպորտային դժվարությունների հետևանքով։ 

Նախագծով առաջարկվում է Հայաստանից արտահանվող ապրանքների համար ներմուծման երկրում սահմանված մաքսատուրքի գումարի փոխհատուցում տրամադրել՝ նպաստելով արտահանման ծավալների աճին և հայկական արտադրանքի ներկայացվածության ամրապնդմանը միջազգային շուկաներում։ 

Արտահանող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին մաքսատուրքի փոխհատուցումը տրամադրվելու է հետևյալ սկզբունքներով՝ փոխհատուցման չափը կհամապատասխանի ներմուծման երկրի օրենսդրությամբ սահմանված մաքսատուրքի դրույքաչափին։ Փոխհատուցման հիմքում կլինի ապրանքի արտահանման մաքսային արժեքը։

Փոխհատուցումը կտրամադրվի պետական բյուջեի միջոցներից։

ՀՀ կառավարությունը նախատեսում է, որ ծրագրի իրականացումը նպաստելու է հայկական արտադրանքի արտահանման ծավալների աճին, ամրապնդելու է «Հայկական բրենդի» ճանաչելիությունը միջազգային շուկաներում, աջակցելու է արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։

Ծրագիրը նախատեսվում է իրագործել փուլային մոտեցմամբ՝ հաշվի առնելով պետական բյուջեի հնարավորությունները և շահառուների կարիքները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում