Իրավունք

Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին բերման ենթարկել՝ հաջորդ դատական նիստին նրանց ներկայությունն ապահովելու համար

3 րոպեի ընթերցում

Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին բերման ենթարկել՝ հաջորդ դատական նիստին նրանց ներկայությունն ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս գործով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը և Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դատարան չեն ներկայացել: Դատական նիստին ներկա է միայն ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը։

Դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ  ընթացող դատական նիստին քննարկման առարկա դարձավ, թե արդյոք կարելի է նիստն անցկացնել առանց բացակա մեղադրյալների։ 

Մեղադրյալների փաստաբանները պնդեցին, որ Քոչարյանը, Օհանյանը և Խաչատուրովը չունեն մեղադրյալի կարգավիճակ, քանի որ նրանց մեղադրանքները վերացվել են ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա։ 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ բացակա մեղադրյալ գոյություն չունի այս պահին, հետևաբար, նիստը պետք է շարունակվի։ 

Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն ավելացրեց, որ դատարանը չի կարող պարտավորեցնել իր պաշտպանյալին ներկայանալ, քանի որ վերջինս մեղադրյալի կարգավիճակ չունի։

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց դատարանին պատշաճ ծանուցվածներին հարկադրաբար ներկայացնել։ Այս առաջարկը հանդիպեց փաստաբանների բողոքին, որոնք պնդեցին, որ դա իրավաչափ չէ՝ մեղադրյալի կարգավիճակի բացակայության պատճառով։

Դատարանը, սակայն, որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ հաջորդ նիստում նրանց մասնակցությունն ապահովելու համար։

Մարտի 1-ի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը 2021 թվականին արդարացվել էին, նրանց նկատմամբ հարուցված գործը կարճվել էր, քանի որ դրանից առաջ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել նրանց առաջադրված հոդվածը։ 

Սահմանադրական դատարանը 2024 թվականի հուլիսի 22-ին մասնակի բավարարել էր Վճռաբեկ դատարանի դիմումը, որը վերաբերում էր Մարտի 1-ի վարույթով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի գործին։ ՍԴ-ի որոշման համաձայն՝  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առաջադրված մեղադրանքը կարող է վերաորակավորվել։ Այս որոշումը դատախազությանը հնարավորություն տվեց վերաորակավորել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ մեղադրանքները և նոր քննություն սկսել: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում