Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի կարգավիճակը բնութագրելիս՝ տեղին է պատանդ եզրույթը․ Սիրանուշ Սահակյան

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ադրբեջանը իր մոտ ապօրինի պահվող հայ գերիներին օգտագործում է իր քաղաքական պահանջները բավարարելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և բնապահպանության վրա» թեմայով պանելային քննարկման ժամանակ այդ կարծիքը հայտնեց Միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

«Ի սկզբանե մեծաթիվ գերիների վերաբերյալ ցուցադրվեցին բազմաթիվ տեսանյութեր, մինչդեռ վաղ փուլում ադրբեջանական կողմը հրաժարվում էր դրանց առթիվ տալ հաստատումներ։ Տևական ժամանակ հայ ռազմագերիների ընտանիքները գտնվում էին անորոշության մեջ, և այդ անորոշությունն էլ մարդկանց հավելյալ հոգեկան տառապանքներ պատճառելու միտում ուներ։ Բարեբախտաբար, դատական գործընթացների միջոցով ու «Կարմիր խաչի» գործունեության շնորհիվ գերեվարման դեպքերը սկսեցին հաստատվել, և ավելի ուշ փուլում նաև գերեվարվածների հետ տեսակցությունների հնարավորություն ապահովվեց, ինչը չափազանց կարևոր էր նրանց ողջ լինելու, առողջական և այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ունենալու համար»,-ասաց Սահակյանը։ 

Նա տեղեկացրեց, որ 2020 թվականի պատերազմից ի վեր հարյուրավոր հայեր գերեվարվել են, նախնական տվյալներով՝ նրանց քանակը գերազանցում է 300-ը։ Բազմաթիվ ջանքերի շնորհիվ 210 հոգի հայրենադարձվել է, սակայն նրանց թվում կան անձինք, ովքեր սահմանային միջադեպերի կամ տարածքում մոլորվելու արդյունքում են հայտնվել ադրբեջանական հսկողության ներքո։ Նրանք երկար ժամանակ չէին հայրենադարձվում, ուստի այդ գործընթացը կապված էր ոչ միայն 2020 թվականի պատերազմի հետևանքով գերեվարումների, այլև մինչպատերազմյան խաղաղ պայմաններում առևանգումների կամ ձերբակալումների դեպքերի հետ։ 

«Այս պահին պաշտոնապես հաստատված 23 հայեր գտնվում են անազատության մեջ։ Նրանց կարգավիճակը բնութագրելիս՝ մենք օգտագործում ենք տարբեր եզրույթներ, հիմնականում՝ գերիներ, սակայն հաճախ գործածության մեջ է դրվում պատանդ տերմինը, որը ճիշտ է նկարագրում երևույթը՝ հաշվի առնելով, որ մեր հայրենակիցների ազատ արձակման հարցը ոչ թե կապված է բուն կոնֆլիկտի, այլ քաղաքական պահանջների բավարարման հետ։ 23 անձանց թվում հինգ հոգի գերեվարվել են 2020 թվականին, իսկ մնացյալ տասնութ հոգին անազատության մեջ են հայտնվել 2023 թվականին»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ 23 հոգու մեջ են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը,  որոնք ութն են, և նրանք քաղբանտարկյալներ են։ 

15 հոգու գերեվարումը կապված է Լաչինի միջանցքի շրջափակման, ինչպես նաև պատերազմական գործողությունների հետ։ Թվակազմը ներառում է ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինվորականների։ 

Սահակյանի կարծիքով՝ այդ անձանց ազատ արձակումը կապված է և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ իրավական աշխատանքի հետ։ Նրա դիտարկմամբ՝ խոշտանգումների դեմ պայքար մղող որևէ միջազգային մեխանիզմ երբևէ ի վիճակի չի եղել մուտք գործել և տեսակցել Բաքվում գտնվող գերիներին։ 

«Արտաքին աշխարհի հետ կապը նույնպես բացառապես ապահովվում է «Կարմիր խաչի» միջոցով, բայց հակամարտության վաղ փուլում արգելափակված է եղել նաև այդ միջազգային կառույցի գործունեությունը։ Մենք ունենք ամիսներ անց հայրենադարձված գերիներ, որոնց «Կարմիր խաչը» տեսակցելու հնարավորություն երբևէ չի ունեցել։ Այդուհանդերձ, իրավիճակի բարելավումը հենց միջազգային կառույցների համառ միջամտության արդյունքն է, որ այցելություններն այժմ տեղի են ունենում։ Դրանք կրում են կանոնավոր բնույթ, սակայն դրանց պարբերականությունն անգամ չի կարող անազատության մեջ գտնվողներին ապահովել խոշտանգումներից զերծ մնալու հեռանկարով»,- նշեց Սահակյանը։  

Իրավապաշտպանը վկայակոչեց վատ վերաբերմունքի օրինակներ՝ պնդելով, որ իրավական աջակցությունն ունի այդ ամենը կանխելու մեծ նշանակություն։ Փաստաբանները նույնպես հանդես են գալիս որպես օղակներ, որոնք կարող են արձանագրել խոշտանգումներն ու դիմել միջազգային կառույցներին։ 

«Բաքվում գտնվող հայերը տակավին խոցելի վիճակում են, քանի որ չունեն անկախ փաստաբաններ։ Ադրբեջանում արտոնագիր ստացած և վախի մթնոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանները, հատկապես հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանները ի զորու չեն ապահովել իրավաբանական օգնություն, ուստի նրանց ներգրավվածությունը կրում է ձևական բնույթ։ Բացառությամբ մեկ հայի՝ մնացածը ներկայացված են հենց հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով։ Հայրենադարձվածների հետ մեր հանդիպումները վերահաստատում են, որ փաստաբանի ներգրավվածությունը եղել է ձևական։ Նրանք չեն տեսակցել իրենց պաշտպանյալներին, չեն քննել գործերը, երբեմն վստահորդներն առաջին անգամ տեսել են այսպես կոչված փաստաբաններին դատական նիստերի ժամանակ»,- ասաց իրավապաշտպանը։ 

Նա հավելեց, որ անազատության մեջ գտնվող հայերի նկատմամբ վատ վերաբերմունքի արատավոր պրակտիկան շարունակվում է։ Հայրենադարձված գերիները պատմել են պահման պայմանների մասին։ Նույնիսկ խոցելիության մի քանի հատկանիշներ ունեցող անձինք չեն ունեցել հատուկ պաշտպանություն և գրեթե նույն ինտենսիվությամբ ենթարկվել են վատ վերաբերմունքի, թեև չեն մասնակցել մարտական գործողություններին։ Սա ցույց է տալիս, թե հայատյացությունը որքան խորքային ու համակարգային բնույթ է կրում Ադրբեջանում։  

«Բռնությունները եղել են մասսայական, կիրառվել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բռնության դեպքեր։ Առանձին անձանց մահը վրա է հասել հենց բռնությունների արդյունքում։ Կան արձանագրված դեպքեր, երբ ծեծի և խոշտանգման այլ դրսևորումների արդյունքում անձը փակ հաստատությունում սպանվել է։ Իսկ հոգեբանական բռնությունը կիրառվել է ողջ գերեվարման ընթացքում։ Օրինակ՝ ցուցադրել են սպանության տեսարան, ստիպել են փորել գերեզման, որտեղ մարդը պետք է ողջ-ողջ թաղվեր։ Ցուցաբերվել է նաև ստորացուցիչ վերաբերմունք, երբ խոշտանգել են մարդկանց իրենց ինքնության կամ կրոնական համոզմունքների համար, ստիպել են համբուրել Ադրբեջանի դրոշը կամ իրենց կամքին հակառակ անել Արցախին  առնչվող հակասական հայտարարություններ։ Նույնիսկ այրել են մաշկի այն հատվածները, որտեղ եղել են քրիստոնեական դավանանքին վերաբերող դաջվածքներ։ Բնականաբար, եղել են նաև ինքնասպանության փորձեր»,- մանրամասնեց Սահակյանը։

Նա հավելեց, որ հասկանալի պատճառներով ձեռնպահ է մնում խոշտանգումների ավելի կոպիտ դեպքերի վկայակոչումից։ Սահակյանը տեղեկացրեց, որ «Կարմիր խաչը» շարունակում է իր միջնորդական գործունեությունը, բայց ոչ բոլորն են այցերի ժամանակ օգտվում իրենց իրավունքներից։ Շատ հայեր նույնիսկ հրաժարվում են հեռախոսազանգի կամ տեսակապով հաղորդակցվելու հնարավորությունից, քանի որ հոգեբանական գործոնից ելնելով՝ գերադասում են տեղեկատվություն չփոխանցել և անմիջականորեն չշփվել հարազատների հետ, որպեսզի վերջիններս չտառապեն։  

Հայերեն Русский

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին