Տնտեսություն

Հայաստանի ՀՆԱ-ն վեց ամսում աճել է 6.5 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ՀՆԱ-ն վեց ամսում աճել է 6.5 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համախառն ներքին արդյունքն այս տարվա առաջին կիսամյակում աճել է 6.5 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում: 

«2024թ առաջին կիսամյակում ՀՀ համախառն ներքին արդյունքն աճել է 6.5 տոկոսով: Այս աճը պայմանավորված է տնտեսության մի շարք ճյուղերում ավելացված արժեքի բարձրացմամբ»,-ասաց Պապոյանը:

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ 2024թ-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի 6 տոկոս, որով ՀՀ-ն 190 երկրի շարքում կզբաղեցնի 17-րդ տեղը: Բալթյան երկրներում միջին աճը կլինի 0.5 տոկոս, եվրագոտում՝ 0.8 տոկոս, իսկ ԵԱՏՄ երկրներում՝ 4.6 տոկոս:

«Թվերն ինքնին խոսուն են, դրանք փաստում են, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գտնվել բարձր աճի փուլում և հաջողությամբ դիմակայում է համաշխարհային մարտահրավերներին»,-ասաց Պապոյանը:

Նախարարը նաև նկատեց, որ ոչ մի տնտեսական աճ արժեք չունի, եթե դրա շահառուն մարդը, քաղաքացին չէ, այսինքն՝ աճը ներառական չէ: Նա Հայաստանի տնտեսության աճի ներառականության ապացույցներից մեկը համարեց բնակարանաշինությունն ու բնակարանամուտը՝ ներկայացնելով որոշ ցուցանիշներ: Մասնավորապես՝ 2024-ի առաջին կիսամյակում շահագործման հանձնված բնակելի շենքերի մակերեսը կազմել է 337 հազար քմ՝ արձանագրելով 80 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նրա խոսքով՝ տարվա ավարտին շահագործման կհանձնվեն ևս 21 նորակառույց շենքեր՝ ընդհանուր 2281 բնակարանով, որից 1113-ն արդեն վաճառվել է: 

Կառավարությունը կանխատեսում է, որ տարեվերջին տնտեսական աճը կկազմի 5.8 տոկոս: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում