Աշխարհ

Հարավային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել հյուսիսկորեական հրթիռների դեմ ուղղված զորավարժությունների շրջանակներում

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել հյուսիսկորեական հրթիռների դեմ ուղղված զորավարժությունների շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան Hyunmoo-II «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծով՝ որպես ուժի ցուցադրություն Հյուսիսային Կորեայի կողմից վերջերս իրականացված հրթիռների արձակումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն: 

Մարտական հրաձգությամբ զորավարժություններն անցկացվել են նոյեմբերի 7-ին Տեան արևմտյան ափամերձ շրջանում:

Հարավկորեական հրթիռային ստորաբաժանումը փոքր հեռահարության Hyunmoo-II բալիստիկ հրթիռ է արձակել՝ խոցելու ծովային թիրախը, որը նմանակում էր հյուսիսկորեական հրթիռի արձակումը:

«Մարտական հրաձգությամբ այս զորավարժությունների ընթացքում մեր զինվորականները ցույցադրել են իրենց անսասան վճռականությունն՝ արձագանքելու հյուսիսկորեական ցանկացած սադրանքի, ինչպես նաև հակառակորդի սադրանքի աղբյուրին ճշգրիտ հարվածներ հասցնելու կարողությունը», - ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:

Զինվորականները հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ համատեղ կշարունակեն ուշադիր հետևել Հյուսիսային Կորեայի ռազմական գործողություններին։

Միևնույն ժամանակ նրանք պատրաստ են «վճռականորեն» պատասխանել Հյուսիսային Կորեայի ցանկացած սադրանքի։

Նոյեմբերի 5-ին Փհենյանը փոքր հեռահարության մի քանի բալիստիկ հրթիռ էր արձակել Ճապոնական ծով։ 

Իսկ հոկտեմբերի 31-ին Հյուսիսային Կորեան անցկացրել էր իր նոր միջմայրցամաքային Hwasong-19 բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում