ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին բացի նախագահի և Կոնգրեսի ընտրություններից, 10 նահանգներում նաև անցկացվել է քվեարկություն աբորտի արգելման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսն աջակցում է այն միջոցներին, որոնք առաջարկում են փոփոխել տվյալ նահանգի սահմանադրությունը և կանանց աբորտի իրավունք տալ։ Հանրապետական կուսակցությունը, որի թեկնածուն Դոնալդ Թրամփն է, դեմ է այս միջոցներին։
Edison Research-ի և Associated Press-ի կանխատեսումների համաձայն՝ Ֆլորիդայում մերժել են նահանգի սահմանադրության փոփոխությունները՝ կանանց աբորտի իրավունք տալու համար։ Մայիսից սկսած՝ Ֆլորիդան արգելել է աբորտները հղիության վեցերորդ շաբաթից հետո՝ շատ քիչ բացառություններով։
Արիզոնայում և Միսսուրիում, ըստ կանխատեսումների, ընտրողները կողմ են քվեարկել նշված փոփոխություններին։
Նևադայում, Մոնտանայում, Կոլորադոյում, Հարավային Դակոտայում, Նեբրասկայում, Նյու Յորքում և Մերիլենդում արդյունքները դեռ հայտնի չեն։
Իսկ Կոնգրեսի ընտրություններում հանրապետականները մեծամասնություն են ստացել Սենատում՝ Արևմտյան Վիրջինիայում և Օհայոյում դեմոկրատներին պարտության մատնելուց հետո։ Մինչ այս շատ չնչին տարբերությամբ Սենատում գերիշխում էին դեմոկրատները։ Ներկայացուցիչների պալատի ընտրությունների ելքը դեռ պարզ չէ։ Այժմ այնտեղ փոքր տարբերությամբ գերիշխում են հանրապետականները:
Իսկ նախագահի ընտրություններում Թրամփի հաղթանակի շանսերը բավական մեծ են՝ հաշվի առնելով տատանվող մի քանի նահանգների արդյունքները։