ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ սեպտեմբերի վաճառքների։
Առաջին տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:
Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը երկրորդ տեղում է։ Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։
Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» երրորդ տեղում է։ «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:
Բոդո Շեֆերի «Հաղթողների 30 օրենքները» գիրքը չորրորդ տեղում է։ Այն կսովորեցնի լիարժեք վերահսկողություն հաստատել սեփական կյանքի նկատմամբ, փոխել վերաբերմունքը ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, միշտ առաջ շարժվել ու զարգանալ, հասնել ֆինանսական անկախության, լինել «արծիվ», այլ ոչ թե «բադ»:
Յուվալ Նոյ Հարարիի Nexus-ը հինգերորդ հորիզոնականում է։ Վերջին 100,000 տարում մենք՝ սապիենսներս, հսկայական ուժ ենք կուտակել: Ու չնայած մեր բոլոր հայտնագործություններին, գյուտերին և նվաճումներին՝ այժմ բախվել ենք գոյաբանական ճգնաժամի: Աշխարհը բնապահպանական կործանման եզրին է: Ապատեղեկատվությունն ահռելի չափի է հասել: Ու այս ամենի ֆոնին մենք գլխապատառ նետվում ենք դեպի ԱԲ դարաշրջան: Տեղեկատվական նոր ցանց, որը սպառնում է ոչնչացնել մեզ: Այսքան բանի հասնելուց հետո ինչո՞ւ ենք մենք՝ սապիենսներս, այդքան ինքնաոչնչացվող տեսակ:Nexus-ում Հարարին կրկին խոշորացույցի տակ է վերցրել մարդկության պատմությունը։ Այս անգամ նա ուսումնասիրում է, թե ինչպես է տեղեկատվության հոսքը ձևավորել մեզ ու մեր աշխարհը: Ճանապարհորդությունը սկսելով Քարի դարից մինչև Աստվածաշնչի կանոնիկացում, վաղ միջնադարյան վհուկորսից հասնելով ստալինիզմին, նացիզմին և մեր օրերում պոպուլիզմի վերելքին՝ Հարարին մեր ուշադրությունը հրավիրում է տեղեկատվության և ճշմարտության, բյուրոկրատիայի ու առասպելաբանության, խոհեմության և իշխանության խճճված կապի վրա:Նա բացատրում է, թե հասարակությունները և քաղաքական համակարգերը պատմության ընթացքում ինչպես են ինֆորմացիան կիրառել իրենց լավ կամ վատ նպատակներին հասնելու համար: Տեղեկատվությունը բացարձակ ճշմարտություն չէ, ոչ էլ սոսկ զենք: Nexus-ը բացահայտում է այս երկու ծայրահեղությունների ոսկե միջինը:
Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը վեցերորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:
Յոթերորդ հորիզոնականում է Էկհարթ Թոլլի «Ներկայի ուժը»։ «Ներկայի ուժը» գիրքը իրավմամբ համարվում է պոպուլյար հոգեբանության, մոտիվացիայի և էզոթերիկայի ժանրերի ամենաառանցքային ստեղծագործություններից մեկը, իսկ հեղինակ Էկհարթ Թոլլը՝ ամենահեղինակավոր հոգևոր ուսուցիչներից մեկը: Այս գիրքը կստիպի ձեզ մի պահ դադարեցնել մտքերում տիրող աղմուկը, երանելի լռություն հաստատել հոգում և գլխում ու վերջապես ապրել միակ իրական պահը՝ Ներկա պահը:
Դանիել Քանեմանի «Մտածողություն. արագն ու դանդաղը» ութերորդ տեղում է։ Հոգեբան և Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Քանեմանի «Մտածողություն. Արագն ու Դանդաղը» հանրահայտ գիրքը մեկընդմիշտ կփոխի մարդկային մտածողության մասին ձեր պատկերացումները։ Հեղինակը ծանոթացնում է մեզ մտածողության երկու «կերպարներին»՝ արագ ու ինտուիտիվ Համակարգ 1-ին և դանդաղ ու տրամաբանական Համակարգ 2-ին, որոնք, միմյանց փոխլրացնելով, ձևավորում են մեր դատողությունները և ազդում մեր գործնական ու անձնական որոշումների վրա։
Դանիել Հաթենլոքերի, Էրիկ Շմիդտի և Հենրի Քիսինջերի «Արհեստական բանականությունը և մարդկության ապագան» իններորդ տեղում է։ Այն, ինչ անում է մարդը մի քանի ժամում կամ օրում, որոշ դեպքերում նաև ամբողջ կյանքում, նեյրոցանցըկարող է անել մի քանի րոպեում, նույնիսկ վայրկյանում: Արհեստական բանականությունը թափանցում է մեր կյանքի բոլոր բնագավառներ՝ տրանսպորտ, արդյունաբերություն, բժշկություն, առևտուր, ֆինանսներ, կրթություն, իրավագիտություն: Մարդկային քաղաքակրթությունը փոխակերպումների և պատմական զարգացման որակական նոր դարաշրջանում է՝ արդյունաբերական 4-րդ հեղափոխության: Արհեստական բանականությունը բովանդակապես վերափոխում է մարդկանց կենսակերպն ու աշխարհընկալումը, վերաձևում աշխատաշուկան: Գիտնականները հուսով են, որ արհեստական բանականության շնորհիվ մենք կկարողանանք լուծել գլոբալ խնդիրները՝ գտնել մահաբեր հիվանդությունների բուժումը, հաղթահարել սովի և կրթության ցածր մակարդակը որոշ տարածաշրջաններում, ուսումնասիրել օվկիանոսներն ու տիեզերքը: Բայց գեներատիվ նեյրոցանցի օգտագործումը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ, քանի որ դրա աշխատանքի շատ գործընթացներ անհասկանալի են մարդկանց համար։
Ջոն Քեհոյի «Մտքի ուժը: Առաջ դեպի 21-րդ դար» տասներորդ տեղում է։ Հեղինակը, երեք տարի մեկուսանալով, կենտրոնացած մտածել է մարդու ուղեղի գործունեության մասին: Ուղեղի անսահման հնարավորությունների ակտիվացման Ջոն Քեհոյի մշակած և համակցած մեթոդները կարող են բարելավել մարդու կյանքը, այն լցնել երջանկությամբ ու հաջողությամբ:
Տեղ | Փոփ․ | Գիրք | | Հրատ․ | Քանակ |
1 | 0 | | Ջո Նավարո «Ես կարդում եմ Ձեր մտքերը» | Դավինչի | 122 |
2 | 0 | | Էրիկ Բեռն, «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» | Դավինչի | 106 |
3 | +1 | | Հեկտոր Գարսիա և Ֆրանսեսկ Միրալես, «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» | Դավինչի | 75 |
4 | -1 | | Բոդո Շեֆեր, «Հաղթողների 30 օրենքները» | Դավինչի | 63 |
5 | նոր | | Յուվալ Նոյ Հարարի, Nexus | Newmag | 59 |
6 | +3 | | Ջեյմս Քլիըր, «Ատոմային սովորություններ» | Էդիթ Պրինտ | 55 |
7 | -2 | | Էկհարթ Թոլլ, «Ներկայի ուժը» | Դավինչի | 47 |
8 | * | | Դանիել Քանեման, «Մտածողություն. արագն ու դանդաղը» | Զանգակ | 47 |
9 | նոր | | Դանիել Հաթենլոքեր, Էրիկ Շմիդտ և Հենրի Քիսինջեր, «Արհեստական բանականությունը և մարդկության ապագան» | Newmag | 32 |
10 | * | | Ջոն Քեհո, «Մտքի ուժը: Առաջ դեպի 21-րդ դար» | Անտարես | 28 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Ցանկում ներառված չեն հանրագիտարանները
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: