Մշակույթ

Հայաստանը կարևորում է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը մշակութային ժառանգության պահպանության բնագավառում

5 րոպեի ընթերցում

Հայաստանը կարևորում է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը մշակութային ժառանգության պահպանության բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարևորում է մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերականգնման բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մատենադարանում ՀՀ արտաքին գործերի նախարարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կազմակերպված համաժողովի բացմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ 

Փոխնախարարը պատահական չհամարեց վեհաժողովի կազմակերպումը հայկական և համաշխարհային գրավոր ժառանգության պահպանության կարևորագույն կենտրոնում՝ Մատենադարանում, որի անգին հավաքածուները դեռևս 1997 թվականին գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ աշխարհի հիշողության  գրանցամատյանում։

«Դա ևս մեկ անգամ վերահաստատում է Հայաստանի անսասան հանձնառությունը՝ պաշտպանելու և սերունդներին փոխանցելու մարդկային հավաքական, համընդգրկուն ժառանգությունը։ Որպես մշակութային ժառանգության պաշտպանության առանցքային փաստաթուղթ՝ «Զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիան սահմանում է հիմնարար ուղենիշեր։ Կոնվենցիան այսօր էլ շարունակում է լինել այն նշանակալի հանգրվանը և հարթակը, որը հնարավորություն է տալիս բարձրաձայնել հակամարտությունների և հետկոնֆլիկտային ժամանակաշրջաններում մշակութային ժառանգության պահպանման կարևորության մասին», - նշեց Ալֆրեդ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այդ կոնվենցիան համարում է մշակութային ժառանգության պահպանության առանցքային միջազգային փաստաթղթերից մեկը և լիովին հավատարիմ է մնում դրա համապարփակ իրականացմանը։

Փոխնախարարը նկատեց, որ կոնվենցիայի 70-ամյակը հրաշալի առիթ է բարձրաձայնելու և քննարկելու մշակութային ժառանգության առջև ծառացած մարտահրավերները և միաժամանակ նախանշելու առաջընթացի և զարգացման նոր հնարավորությունները։ 

«Այսօր արագորեն փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակներն ու տեխնոլոգիաների զարգացման աննախադեպ արագ ընթացքը մարդկությանը նոր մարտահրավերների և իրողությունների առջև են կանգնեցրել։ Անհրաժեշտ է հաշվի առնել նոր տեխնոլոգիաների դերը և ազդեցությունը մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանման և վերականգնման գործում», - նշեց Քոչարյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հավելեց, որ ներկա իրողությունների համատեքստում հրամայական է, որ ամրապնդվեն մշակութային ժառանգության պահպանման հանձնառությունները և պարտավորությունները, ինչպես նաև ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների և մասնագիտական ներուժի զարգացումը։ 

«Հայաստանը ևս կարևորում է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, օգտագործման, վերականգնման բնագավառում, ուստի մշակույթի նյութական և ոչ նյութական ժառանգության թվայնացումը և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման եղանակով դրանց հասանելիության ապահովումը պետական մշակութային քաղաքականության առաջնահերթությունների մեջ է»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, օրեցօր ավելի ակնառու են դառնում ժառանգության, մշակութային բազմազանության նկատմամբ աճող թիրախավորումները, պատմական ինքնությունների և էթնիկ արմատների ժխտման փորձերը։  

Ալֆրեդ Քոչարյանը ցավով նշեց, որ հայկական մշակութային ժառանգությունը ևս բախվում է վերոնշյալ իրողություններին․ «Լեռնային Ղարաբաղում շարունակում է վտանգված մնալ հազարամյա պատմամշակութային ժառանգությունը»,- ասաց Քոչարյանը՝ նկատի ունենալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության նպատակային ոչնչացման գործողությունները։ 

Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ Մատենադարանում անցկացվող վեհաժողովը շատ կարևոր է՝ որպես մշակութային ժառանգության հանդեպ մարդկության հավաքական պատասխանատվության հանձնառություն։

«Վստահ ենք՝ համաժողովը կարևոր հարթակ կդառնա միջմշակութային երկխոսության և միջազգային համագործակցության խթանման համար», - եզրափակեց ԿԳՄՍ փոխնախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում