ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի Մառնեուլի քաղաքի 69-րդ ընտրատեղամասի քվեարկության գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է խախտումների պատճառով։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել հայտնված տեսագրությունների հիման վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը։
Թե ինչպես կշարունակվի քաղաքացիների քվեարկության կարգը Մառնեուլում, կորոշի շրջանային ընտրական հանձնաժողովը։
«Գործընթացը ժամանակավորապես կասեցված է, մինչև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում կայացնի», - նշել է Վրաստանի ԿԸՀ-ը։
Ավելի վաղ, սոցցանցերում կադրեր են տարածվել Մառնեուլի 69-րդ տեղամասից, որտեղ երևում է, թե ինչպես է տղամարդը մի քանի քվեաթերթիկ գցում քվեատուփը։
Մառնեուլի ընտրատեղամասերից մեկում, որտեղ հիմնականում էթնիկ ադրբեջանցիներ են գրանցված, ընտրողները փորձել են միանգամից մի քանի քվեաթերթիկ լցնել քվեատուփի մեջ։
Նշվում է, որ այդ տեղամասում քվեարկությունն ընթանում է հին համակարգով (էլեկտրոնային համակարգը գործում է տեղամասերի միայն 88,75%-ում):
Վրաստանի իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ Մառնեուլում քվեատուփի լցոնմանը մասնակցել է «Վրացական երազանքի» անդամը:
«Դա միտումնավոր է արվել։ Մառնեուլի ընտրատեղամասում քվեաթերթիկների լցոնմանը մասնակցել է Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչ ավագանու անդամը, որը կատարում էր «Ազգային շարժման» ծրագիրը: Սա սաբոտաժ է բառի բուն իմաստով», - նշել է Մամուկա Մդինարաձեն՝ վստահություն հայտնելով, որ իրավապահ մարմինների արձագանքը կլինի համարժեք և բոլորը խստագույնս կպատժվեն։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են առավոտյան 8։00-ին։
Թբիլիսիի ժամանակով ժամը 12։00-ի դրությամբ երկրում մեկնարկած խորհրդարանական ընտրություններին քվեարկել է 776 հազար 726
մարդ, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 22,22 տոկոսը։
Ընտրողները պետք է ընտրություն կատարեն 18 կուսակցություններից։ Վրաստանի խորհրդարան կանցնեն այն կուսակցությունները, որոնց օգտին կքվեարկի ընտրողների առնվազն 5 տոկոսը։ Թե ինչպես են մանդատները բաշխվելու ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունների միջև, հայտնի կդառնա այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները՝ քննարկելով բոլոր բողոքները և սպասելով, որ դատարանները կորոշեն դիտորդների բողոքները, եթե այդպիսիք կան։
Նշվում է, որ ընտրական գործընթացը վերահսկում են ավելի քան 1700 դիտորդներ միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև ավելի քան 23 հազար դիտորդներ 111 տեղական կազմակերպություններից։
Հաղորդվում է, որ քվեարկության գործընթացը կտևի մինչև ժամը 20:00-ն, որից հետո ընտրական հանձնաժողովները կսկսեն ձայների հաշվարկը։ Քվեարկության առաջին արդյունքները կհրապարակվեն տեղամասերի փակումից 2-3 ժամ անց։
Վրաստանի ԿԸՀ-ում ամփոփիչ ճեպազրույցը նշանակված է ժամը 22:00-ին։