Մամուլի սրահ

Անտառվերականգնում, էներգախնայողություն.15 համայնքում իրականացվելու են 1 մլրդ դրամից ավելի բնապահպանական սուբվենցիոն ծրագրեր

2 րոպեի ընթերցում

Անտառվերականգնում, էներգախնայողություն.15 համայնքում իրականացվելու են 1 մլրդ դրամից ավելի բնապահպանական սուբվենցիոն ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի 15 համայնքում 2025 թվականին իրականացվելու են 1 մլրդ դրամից ավելի բնապահպանական սուբվենցիոն ծրագրեր։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը նշեց, որ ծրագրերը տարբեր բնույթի են։ Արդեն հաստատված ծրագրերն են՝ ոռոգման ջրագծերի կառուցում, գետերի հուների մաքրում, անտառվերականգնում, պուրակների բարեկարգում, էներգախնայողություն և այլն։ Աշխատանքներ նախատեսված են Գյումրիում, Արթիկում, Ստեփանավանում, Ալավերդիում, Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում, Մեծամորում, Թալինում, Մեղրիում, Կապանում, Քաջարանում, Մասիսում, Արարատում, Երևանում։   

«Խոշոր աղտոտող ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական գումարները վերադարձվում են ազդակիր համայնքներին։ Այդպիսի ընկերություններ են համարվում բոլոր մետաղական օգտակար հանածոներ շահագործող կազմակերպությունները։ Ամեն տարի համայնքներին ներկայացվում են, թե ինչ գումարի շրջանակում կարող են բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր ներկայացնել, վերջիններս էլ դրանք կազմում են՝ ելնելով իրենց առաջնահերթություններից»,-ասաց Լուսինե Ավետիսյանը։ 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի ակտիվանում են թե համայնքները, թե փոխվում է բնապահպանական ծրագրերի որակը։ 2023 թվականին ներկայացվել էր 8 համայնքի բնապահպանական սուբվենցիա 487 մլն դրամի սահմաններում, ընթացիկ տարվա վերջին տվյալներով 5 համայնք՝ 322 մլն դրամի սահմաններում, 2025 թվականին արդեն 1 մլրդ դրամից ավելի։ 

«Ասեմ, որ համայնքներին վճարումը կատարվում է փաստացի կատարված աշխատանքների հիման վրա։ Ծրագրերը պետք է կատարվեն մեկ տարվա ընթացքում։ Եվ եթե համայնքներն, օրինակ, այս տարի ծրագիր չեն ներկայացնում, ապա իրենց համար նախատեսված գումարը մնում է, կուտակվում է։ Համայնքները հետագայում կարող են ավելի մեծ գումարի համար բնապահպանական խնդիրներին ուղղված սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել»,-ասաց Լուսինե Ավետիսյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում