Հայաստան

Մեկնարկեց սոցիալական սրճարան հիմնելու «Ճախրուկ» ծրագիրը. այն կբացվի 2025 թվականի ամռանը

4 րոպեի ընթերցում

Մեկնարկեց սոցիալական սրճարան հիմնելու «Ճախրուկ»  ծրագիրը. այն կբացվի 2025 թվականի ամռանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» հիմնադրամը, «Ճախրուկ» ՀԿ-ն, Երևանի քաղաքապետարանը, «Երեմյան Փրոջեքթս»-ը և «Դայմոնդ» ռեստորանը ստորագրեցին հուշագիր, որով կյանքի կկոչվի սոցիալական սրճարան հիմնելու «Ճախրուկ»  ծրագիրը․ սրճարանում աշխատելու են մասնագիտացված խնամքի կենտրոնների սաները և նրանց ընտանիքի անդամները:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուշագիրը ստորագրեցին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, «Ճախրուկ» ՀԿ-ի հիմնադիր Աննա Մխիթարյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, «Երեմյան Փրոջեքթս»-ի հիմնադիր տնօրեն Դավիթ Երեմյանը և «Դայմոնդ» ռեստորանի հիմնադիր-տնօրեն Նարինե Չարչյանը: 

«Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը նշեց, որ սոցիալական սրճարան հիմնելու գաղափարը թե՛ պետության, թե՛ «Իմ քայլը» հիմնադրամի, թե՛ մյուս գործընկերների  ծրագրերում մշտապես եղել է:

«Մեր բոլորի առաքելությունն է՝ խթանել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը մեր հասարակության մեջ: Այսօր մենք տվեցինք սոցիալական սրճարան հիմնելու «Ճախրուկ» ծրագրի մեկնարկը, որտեղ պետք է աշխատեն մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող անձինք:  Մենք, այս սրճարանը հիմնելով, փորձում ենք ապահովել նրանց ինտեգրումը հասարակությանը, կոտրել կարծրատիպերը։ Նաև հանրությանը կրթելու եղանակով փորձում ենք պակասեցնել հանրության  կողմից խտրական վերաբերմունքը մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ: Հաշմանդամություն ունեցող անձինք այս ընթացքում «Երեմյան Փրոջեքթս»-ի և միջազգային այլ գործընկերների աջակցությամբ անցնելու են դասընթացներ և վերապատրաստումներ,  որպեսզի  պատրաստ լինեն աշխատելուն»,- ասաց նա: 

Թօփալաքեանն ընդգծեց՝ եթե բոլոր աշխատանքները անխափան ընթանան, սրճարանը կբացվի 2025 թվականի ամռանը:

«Ճախրուկ» ՀԿ-ի հիմնադիր Աննա Մխիթարյանը նշեց, որ այս սրճարանի հիմնումը «Ճախրուկ»-ի սաների երազանքն էր: 

«Արդեն հինգ տարի է՝ մենք աշխատում ենք երեխաների հետ, և այս տարիների ընթացքում նրանց երազանքները դառնում են մեր երազանքներն ու հակառակը: Այս ամբողջ ընթացքում մենք հասկացանք, որ այս մարդիկ պետք է աշխատեն, դուրս գան նոր միջավայր և փորձեն շփվել բոլորի հետ, այսինքն՝ այդ սահմանափակ միջավայրից դուրս գան: Այդպես էլ առաջացավ գաղափար, որ ստեղծենք մի միջավայր, որտեղ կաշխատեն հատուկ կարիքներ ունեցող անձինք՝ «Ճախրուկ»-ի սաները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող այլ անձինք: Քանի որ գիտենք, թե հաշմանդամություն ունեցող անձանց համար այսօր ինչքան դժվար է աշխատանք գտնելը, որտեղ նրանք իրենց  լիարժեք կզգան»,- ասաց Աննա Մխիթարյանը:

Ծրագրի իրականացման ճանապարհին շատ բարդ փուլեր են սպասվում, բայց Աննա Մխիթարյանը վստահ է, որ ցանկացած դժվարություն կհաղթահարեն՝ ի բարօրություն յուրաքանչյուր անձի, որը կգա, կաշխատի և կունենա հնարավորություն լինել այս տարբերվող, հետաքրքիր ու մշակութային միջավայրի  մի մասը:  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում