Մայիսյանում անցկացվեց «Դեղձի փառատոն»
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրում հոկտեմբերի 20-ին հանդիսավորությամբ անցկացվեց «Դեղձի փառատոն»՝ նվիրված հայտնի նկարիչներ Դեղձ Աշոտին (Աշոտ Հովհաննիսյան) և Վալերի Ափինյանին, որոնց ստեղծագործություններն՝ արվեստի և բերքի համադրությամբ, բացահայտվեցին նոր գույներով և համերով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փառատոնը հնարավորություն տվեց հյուրերին ծանոթանալու Ախուրյան խոշորացված համայնքի Մայիսյան, Մարմաշեն, Հովունի, Վահրամաբերդ և Կապս գյուղերի արվեստագետների գործերին և տեղի գյուղմթերքին։
«Անչափ սիրուն նախաձեռնության ենք մասնակցում, ինչպես ինքներդ եք նշել՝ տարվա ամենաավանդական ու գունավոր միջոցառմանը՝ «Դեղձի փառատոն»-ին, որը տեղի է ունենում ոչ պակաս կոլորիտային Մայիսյան բնակավայրում։ Այսօր հնարավորություն ունենք ծանոթանալու Մայիսյան, Մարմաշեն, Հովունի, Վահրամաբերդ և Կապս գյուղերի արվեստագետների գործերին և տեղի գյուղմթերքին։ Հնարավորություն ունենք տոնելու և տոնական մթնոլորտում խոսելու համայնքի ստեղծագործական ոգու և բերքի հարստության մասին»,-նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Փառատոնի շրջանակներում բացվեցին արվեստի տաղավարներ՝ տեղի վարպետների ստեղծագործությունների ցուցադրությամբ։ Անցկացվեցին վարպետաց դասեր արվեստի թեմաներով, հնչեց կենդանի երաժշտություն, երգ ու պար, եղավ բերքի ցուցադրություն և համտես։
Արմենուհի Մխոյան