Տնտեսություն

Շիրակի մարզում կանցկացվի հերթական գյուղատնտեսական հաշվառումը. գործընթացին կներառվի 448 հաշվարար

3 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում կանցկացվի հերթական գյուղատնտեսական հաշվառումը. գործընթացին կներառվի 448 հաշվարար

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզը պատրաստվում է 2024 թվականի հերթական գյուղատնտեսական հաշվառման։ Գործընթացի խնդիրները քննարկելու ու ընթացքին ծանոթանալու նպատակով օգոստոսի 20-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզպետարանում այդ նպատակով անցկացվեց ՀՀ-ում 2024 թվականի հերթական գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստ, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ, կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանը, մարզի համայնքների ղեկավարներ, տեղակալներ, մարզպետի աշխատակազմի, վիճակագրական կոմիտեի, աշխատակազմերի ներկայացուցիչներ։

Նիստին ներկայացվեց 2024 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 31-ը անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը, մեթոդաբանությունը, կարևորությունը, գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, մարզային հանձնաժողովի և համայնքապետերի կողմից ցուցաբերվելիք օժանդակությանն առնչվող խնդիրները:

Նիստի ընթացքում շեշտվել է, որ գյուղատնտեսական համատարած հաշվառումն իրականացնելու են հաշվարարները, գործընթացում Շիրակի մարզում կներառվի շուրջ 448 հաշվարար։ Վերջիններս տեղեկատվություն տրամադրողներից՝ գյուղաբնակ անհատական տնային տնտեսություններից, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքաբնակ անհատական տնային տնտեսություններից, գյուղատնտեսությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից հավաքագրում են համընդգրկուն տվյալներ գյուղատնտեսության կառուցվածքի վերաբերյալ։

Գյուղատնտեսության կառուցվածքին են վերագրվում գյուղատնտեսական նշանակության հողերը, մշակաբույսերի ցանքատարածությունները և բազմամյա տնկարկների տարածությունները, հողերի ոռոգման աղբյուրները, գյուղատնտեսական կենդանիները, տեխնիկան, շինությունները, մարդկային և նյութական առկա ռեսուրսները։

Օրենքով սահմանված կարգով համատարած հաշվառումները կրում են պարտադիր բնույթ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Վերջիններս պարտավոր են սպառիչ պատասխաններ տալ հարցաթերթի բոլոր հարցերին։      

«Բացի այն, որ գյուղատնտեսական համատարած հաշվառումն անցկացվելու է վիճակագրական տվյալների շտեմարաններ ձևավորելու նպատակով, առավել կարևոր է այն, որ այդ շտեմարանները կկարողանան օգտագործել գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն և ծրագրեր մշակող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, գյուղատնտեսական արտադրանք արտադրողները։ Վստահ եմ՝ գյուղատնտեսական համատարած հաշվառումը Շիրակի մարզում կանցկացվի պատշաճ, այդ հարցում ջանք ու եռանդ չեն խնայի և մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, համոզված եմ՝ նաև բոլոր համայնքներն ու բնակավայրերը»,-ողջունելով գործընթացը՝ նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։  

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում