Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Շիրակի մարզում ծանոթացել է մկնանման կրծողների կողմից դաշտերին հասցված վնասներին ու կարկուտի հետևանքներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Շիրակի մարզում ծանոթացել է մկնանման կրծողների կողմից դաշտերին հասցված վնասներին ու կարկուտի հետևանքներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Շիրակի մարզ։ Նախարարին ուղեկցել են տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը և Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ Շիրակի մարզում գյուղատնտեսական նշանակության հողերում մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներին և վերջիններիս կողմից դաշտերին հասցված վնասներին, ինչպես նաև կարկուտի հետևանքներին։ 

Նախարարը ծանոթանալով խնդիրներին՝ նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է մեծացնել մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումների ծավալն ու շրջանակը և ավելացրել, որ առաջիկայում նախատեսվող միջոցառումները կիրականացվեն ինչպես գյուղատնտեսական նշանակության հողերում, այնպես էլ մշակաբույսերին հարակից տարածքներում։ 

«Մենք միշտ պետք է գյուղացու կողքին լինենք։ Նրանք պարտավոր չեն իմանալ պայքարի ձևերը․ մենք պետք է ցույց տանք, աջակցենք»,-նշել է Գևորգ Պապոյանը։ 

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերին՝ նախարարը կարևորել է մարզպետարանի և համայնքապետարանի միջոցով ևս իրազեկման աշխատանքների ակտիվացումը, որպեսզի գյուղացիները լինեն տեղեկացված և կարողանան օգտվել դրանցից։ 

Նախարարության կողմից յուրաքանչյուր տարի հանրապետության բոլոր մարզերում մկնանման կրծողների հայտնաբերման նպատակով իրականացվում է մշտադիտարկում և միջին ու բարձր վարակվածություն ունեցող հողատեսքերում պայքարի միջոցառումների իրականացման նպատակով մարզերին անհատույց հատկացվում է մկնասպան թունանյութ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում