Շուրջ 40 ոլորտի 100-ից ավելի ընկերություն մեկ հարթակում. մեկնարկել է Mantashyants Global EXPO 2024-ը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանթաշյանց գործարարների միության անդամ 100-ից ավելի ընկերություններ՝ շուրջ 40 ոլորտներից, հավաքվել են մեկ հարթակում. մեկնարկել է Mantashyants Global EXPO 2024-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանթաշյանց գործարարների ակումբի համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանը նշեց, որ միությունը հայալեզու ամենամեծ գործարար ակումբն է, որին անդամակցում է 650-ից ավել գործարար և ունի 18 մասնաճյուղ՝ աշխարհի տարբեր ծայրերում։
«Միությունը ակտիվ շարունակում է աճել, իսկ նմանատիպ ցուցահանդեսները դառնալու են հարթակ, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերի հայկական ծագում ունեցող Մանթաշյանց գործարարների միության անդամները կարողանան մտնել հայկական շուկա»,- ասաց Վահրամ Միրաքյանը
Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանն էլ ընդգծեց՝ ցուցահանդեսը պրոֆեսիոնալ հարթակ է, որտեղ ակումբի անդամ չհանդիսացող գործարարներն ունենալու են հնարավորություն ծանոթանալու Մանթաշյանց ակումբի գործարարների բիզնեսներին, ինչպես նաև ամբողջությամբ պատկերացնելու դրա պոտենցիալն ու ներուժը:
Էքսպոն անցկացվում է առաջին անգամ, սակայն կազմակերպիչները վստահեցրեցին՝ այն լինելու է շարունակական և կհյուրընկալվի տարբեր երկրներում:
Էքսպոյի հովանավոր RED Invest Group-ը ցուցահանդեսին ներկայանում է նորարար ու հետաքրքիր նախագծով: Ընկերությունը ներկայացնում է Dili Tropic նախագիծը, որը գտնվում է Դիլիջանում: Այն տարբերվում է և ունիկալ է, քանի որ ամեն բնակարան իր տարածքի մեջ ունենալու է տրոպիկական այգի:
Scanme կայքն էլ առաջարկում է նոր հնարավորություններ. այն ցանկացած օգտատիրոջ տալիս է անձնական QR կոդ, որի միջոցով իրենք կարող են կիսվել իրենց ամբողջ ինֆորմացիայով:
Իսկ եթե ցանկանում եք բիզնես սկսել այդ հարցում օգնության կգա Parvanyan Consulting ընկերությունը, որը կօգնի ձեզ բիզնեսը կյանքի կոչելու հարցում:
Արդեն 4 տարի է հայկական շուկայում Afrobean Coffee ընկերությունը առաջարկում է սուրճերի լայն տեսականի՝ տարբեր երկրներից: Ընկերությունը աշխատել է միայն խոշոր կազմակերպությունների հետ, սակայն առաջիկայում մտադրություն ունի տեսականին ներկայացնել ցանցային սուպերմարկետներում:
Իսկ բրենդինգով զբաղվող Digital Factory ընկերությունը էքսպոյի շրջանակում ունի հատուկ առաջարկ՝ 25 տոկոս զեղչ իրենց ծառայություններից օգտվելու համար, և, ևս 10 տոկոս հավելյալ զեղչ Մանթաշյանց գործարարների միության անդամների համար:
Մասնակիցները միանշանակ փաստեցին՝ ցուցահանդեսը բոլոր ընկերություններին տալիս է ավելի լայն տարածում և ճանաչելիություն, հաճախորդների շրջանում:
Ցուցահանդեսին զուգահեռ ընթանալու է նաև Real Business Conference-ը, որը նվիրված է Հայաստանի տնտեսության 6 ամենաազդեցիկ և կարևոր ոլորտներին՝ ՀոՌեԿա, տուրիզմ, արտադրություն, շինարարություն, ռիթեյլ, և ֆրանչայզինգ:
Mantashyants Global EXPO 2024-ն անցկացվում է Մերիդիան ցուցահանդեսային համալիրում՝ հոկտեմբերի 18-19-ը: Ցուցահանդեսի մուտքն ազատ է: