ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աշխարհացույց» առցանց կրթական նորարարական հարթակի «Գրականություն» բաժնում արդեն հնարավոր է ծանոթանալ մեծն գրող Ավետիք Իսահակյանի կյանքին, գործունեությանը, հնարավոր է նրա հետ շրջել այն վայրերում, որտեղ եղել է գրողը, պատկերացնել և ընկալել այն միջավայրը, որը տպավորել, ոգևորել է Իսահակյանին և նրա հրաշալի ստեղծագործությունների ոգեշնչման աղբյուր դարձել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Աշխարհացույց» հարթակի քարտեզի վրա «Ավետիք Իսահակյան» թեմայի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին բանաստեղծի տուն-թանգարանում։
Թեման մշակել են «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամն ու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը 2023-ի օգոստոսի 8-ին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում։
«Ստեղծվել է մի հսկայական հարթակ՝ վիզուալ քարտեզ, որի վրա դպրոցական առարկաները վիզուալացվում են։ Իսահակյանը շրջել է ամբողջ աշխարհում, և ես մտածեցի՝ հրաշալի կլինի, եթե նրա կենսագրությունը վիզուալացվի։ Այս քարտեզի միջոցով կարող ենք գնալ, օրինակ, Վենետիկ՝ Մխիթարյան միաբանության, լինել այն փողոցում, որտեղ ապրել է Ավետիք Իսահակյանը, դիտել այն լուսանկարները, տեսանյութերը, որոնք արվել են Վենետիկում և նրա մասին են, բացել հոդվածաշարը։ Գիտական հենք ունեցող 26-ից ավելի հոդվածաշար կա հարթակում»,-պատմեց տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ Իսահակյանի տուն-թանգարանը շատ կարևորում է դպրոց-թանգարան-հիմնադրամ համագործակցությունը։ «Երբ երեխաները կարողանան Իսահակյանի կենսագրությանը ծանոթանալ նաև այս հարթակում, վստահաբար հետաքրքրությունը գրողի նկատմամբ կմեծանա։ Հարթակում բաց կետեր կան, որոնք երեխաներին թանգարան կբերեն. մուլտֆիլմի, «Վարպետը» ֆիլմի անոնսներն են։ Դպրոցականները կարող են մուլտֆիլմն ու կինոնկարը դիտել տուն-թանգարանում»,-նշեց Արմենուհի Ավետիսյանն ու շնորհակալություն հայտնեց հիմնադրամին թանգարանի հետ համագործակցելու, իրենց ոգևորելու և առաջարկն ընդունելու համար։
«Վիզուալ Հայաստան» հիմնադրամի «Գրականություն» առարկայի պատասխանատու և համակարգող Անի Եղիազարյանը տեղեկացրեց՝ «Աշխարհացույց» հարթակում առաջինը «Պատմություն» առարկան է եղել, որի հիմքում բոլոր ժամանակների քարտեզների համադրումն է։ «Երեխաներն ըստ թեմաների հաջորդականության կարող են միաժամանակ տեսնել 1900-ականների նույն տարածաշրջանը կամ նույն քաղաքը մ.թ.ա երրորդ հազարամյակում։ Առարկաների քանակը ժամանակի ընթացքում ավելացել է՝ «Աշխարհագրություն», «Արվեստ» և «Գրականություն»։ «Գրականություն» առարկան դեռ երկու թեմայով է ներկայացվում։ Առաջինը՝ «Հովհաննես Թումանյան», այժմ՝ «Ավետիք Իսահակյան»։ Իսահակյանի կյանքն ու ճամփորդությունները հարթակում ներկայացված են թեմատիկ բաժանումներով և մեդիա նյութերի ուղեկցությամբ։ Կան լուսանկարներ, տեսանյութեր, որոնք պատմում են նրա կյանքի տարբեր իրադարձությունների մասին, ստեղծագործությունների ստեղծման մասին, կան նաև վերլուծություններ, որոնց հիմքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած չափորոշիչներն են»,-մանրամասնեց Եղիազարյանը։
Հարթակում անդրադարձ կա նաև գրողներին վերաբերող հուշարձաններին, քանդակներին։
Անի Եղիազարյանը կարևորում է այն, որ գրականության ուսուցիչը կարող է վիզուալ նյութի միջոցով ներկայացնել ոչ միայն Ավետիք Իսահակյանին, այլև Իտալիան՝ Վենետիկը, իսկ աշխարհագրության ուսուցիչն Իտալիան ներկայացնելիս կարող է անցում կատարել գրականության բաժին և աշակերտներին ծանոթացնել Իսահակյանի՝ Իտալիայում եղած շրջանին։
Հայաստանի գրեթե բոլոր մարզերում հարթակը հասանելի է։ Չորս հազարից ավելի ուսուցիչներ «Աշխարհացույց» կրթական հարթակի հետ համագործակցում են և՛ կամավոր, և՛ պարտադիր վերապատրաստումների միջոցով, քանի որ հիմնադրամն ունի նաև մենթոր ուսուցիչներ, որոնք ըստ առարկաների պարբերաբար ուսուցիչների հետ կազմակերպում են առցանց և առկա հանդիպումներ։
Հիմնադրամը նաև հպէկրանների մրցույթ է անցկացնում։ Մրցույթին այս տարի մասնակցում է հարյուր դպրոց, որոնք նախագծային աշխատանքներ են իրականացնում։ Հաղթող դպրոցը կստանա թանկարժեք հպէկրան, որը կարող է փոխարինել գրատախտակին։
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի ղեկավար Հովհաննես Ղազարյանը շատ ուրախ է, որ կարողացել են տուն-թանգարանի հետ կնքած համագործակցության արդյունքը տեսնել։ «Մեր նպատակը մեր մեծերին սերունդներին ճանաչելի դարձնելն ու երեխաներին կրթելն է, իսկ Իսահակյանն այն կերպարներից է, որ ոչ միայն պահպանել է հայի ինքնությունն ու ժառանգությունը, այլև հարստացրել է այն»,-ասաց նա։
Ղազարյանի խոսքով՝ Իսահակյանը գեղեցկացրել է մեր լեզուն, հարստացրել հայ գրականությունն ու ակտիվ մասնակցել երկրի հասարակական, քաղաքական կյանքին։ «Իսահակյանը հեղինակություն էր, քաղաքակիրթ անհատ, որի նմանների պակասն այսօր շատ է զգացվում։ Սերունդները պետք է ներշնչվեն նման անհատներով, որոնք խիզախ են եղել, իրենց հստակ դիրքորոշումն են ունեցել, դեմ են գնացել ժամանակի գերիշխող քաղաքական հայացքներին և հավատարիմ են մնացել իրենց ազգային ինքնությանը»,-շեշտեց նա։
«Աշխարհացույց» առցանց հարթակից կարող են օգտվել ոչ միայն դպրոցականները, այլև հետաքրքրասերները։ Համակարգն ունի փնտրման կետ, որտեղ գրելով մի քանի հուշող բառ հետաքրքրող թեմայից՝ հնարավոր է նախ հակիրճ ծանոթանալ թեմային, հետո համապատասխան սեղմակով տեսնել ամբողջական նյութը՝ լուսանկարների և տեսանյութերի ուղեկցությամբ։