Մշակույթ

Հայաստանի ազգային գրադարանը ձեռք է բերել 2 հազվագյուտ հրատարակություն՝ Եփրեմ Ասորու «Գիրք աղօթից»-ն ու հայատառ թուրքերեն Աստվածաշունչը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային գրադարանը ձեռք է բերել 2 հազվագյուտ հրատարակություն՝ Եփրեմ Ասորու «Գիրք աղօթից»-ն ու հայատառ թուրքերեն Աստվածաշունչը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանը ձեռք է բերել երկու հազվագյուտ հրատարակություն։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է գրադարանի տարածած հաղորդագրությունից, գրադարանի գնած այդ գրքերից մեկը Եփրեմ Ասորու «Գիրք աղօթից»-ն է։ Սբ. Եփրեմ Ասորին ապրել է 4-րդ դարում Ասորիքում: Նա մինչև 5-րդ դարը ներառյալ ապրած տասներկու տիեզերական սուրբ վարդապետներից մեկն է։ Ծնվել է Մծբին քաղաքում, 306թ-ին, քրիստոնյա ծնողներից: Եփրեմ Ասորու գործերի մի զգալի մաս պահպանվել է հայերեն թարգմանություններով։

Ասորու «Գիրք աղօթից» գիրքը լույս է տեսել Կ.Պոլսում, Մարտիրոս Սարգսյանի տպարանում, 1734 թ-ին։ Ունի 95 զարդափակ էջ։ Գրքի հիշատակարանում հրատարակիչը խնդրում է հիշել իր ծնողներին, եղբայրներին։ Ամենավերջում խնդրում է հիշել նաև իրեն. «... զանպիտան տպօղս զՄարտիրոս չնչին դպիրս»։

Ազգային գրադարանի օրինակում գրքի տիտղոսաթերթը և 2-րդ էջը բացակայում են։ Գրադարանը մինչ այժմ ուներ նույն գրքի թվային օրինակը, որը հասանելի է «Հայ գիրք» շտեմարանում և թվայնացվել է Մատենադարանի օրինակից։

Երկրորդ ձեռքբերումը 1888 թ-ին Կ.Պոլսի Ա. Յ. Պոյաճեան տպարանում հրատարակված հայատառ թուրքերեն Աստվածաշունչ է։

«Երկու գիրքն էլ գրադարանի համար նոր միավորներ են, որոնք նախկինում չենք ունեցել։ Գրադարանի հայագիտական հավաքածուների հետադարձ համալրումը մեր առաջնահերթություններից մեկն է»,- ընդգծված է հաղորդագրության մեջ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում