Մշակույթ

Հայրենիքում ապրելն, արարելն ու հայկական երաժշտությունը զարգացնելը երիտասարդ երգիչ Պարգի համար գերագույն հաճույք է

7 րոպեի ընթերցում

Հայրենիքում ապրելն, արարելն ու հայկական երաժշտությունը զարգացնելը երիտասարդ երգիչ Պարգի համար գերագույն հաճույք է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմատներին վերադառնալն ու հայրենիքում ստեղծագործելու մեծ ցանկությունը երկար տարիներ Ռուսաստանում ապրող ու ստեղծագործող երգչին տարիներ անց  բերեցին Հայաստան: Երիտասարդ երգիչ Պարգը (Պարգև Վարդանյան) իրեն լիարժեք է զգում միայն Հայաստանում: Երգչի համար՝ որպես հայ ստեղծագործող, հայրենիքում ապրելն, արարելն ու հայկական երաժշտությունը զարգացնելը  գերագույն հաճույք է: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում երգիչ Պարգը կիսվել է իր մանկության, անցած ստեղծագործական ճանապարհի, Հայաստան տեղափոխվելու և իր կյանքում երաժշտության կարևոր դերի մասին: 

«Երգն ու երաժշտությունը ինձ համար զգացմունքներս արտահայտելու, դրանցով մարդկանց  հետ կիսվելու և կապ հաստատելու միջոց է, ես ապրում եմ երգով ու երաժշտությամբ: Նոր ստեղծագործություններ գրելուց էլ հաճախ ոգեշնչվում եմ այլ երգերից, որոնցից ես հաճույք եմ ստանում ու վայելում եմ դրանք»,- ասաց երգիչը:

Պարգի մանկությունն անցել է Ռուսաստանում. նա երկու տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Վոլգոգրադ: 

«Ես ծնվել եմ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում, և իմ մանկության 2 տարիներն անցկացրել եմ այնտեղ: Հետագայում մեր ընտանիքը տեղափոխվեց Վոլգոգրադ, որտեղ նաև սկսեցի երաժշտական ուղիս: Այնտեղ անցկացրած տարիները մեծ ազդեցություն ունեցան իմ ստեղծագործական կյանքի վրա, բայց միշտ զգում էի, որ ինձ պակասում է կապը իմ արմատների հետ: Վերջին տարիներին ես վերադարձել եմ Հայաստան, քանի որ զգում եմ, որ իմ իսկական տեղը՝ որպես հայ ստեղծագործող, հենց այստեղ է: Այժմ բնակվում եմ Հայաստանում և արդեն սկսել եմ իմ նոր նախագծերը՝ ավելի խորը ուսումնասիրելով հայկական երաժշտության ու մշակույթի տարրերը»,- ասաց նա: 

Երգի, երաժշտության և առհասարակ արվեստի հետ կապ Պարգը ունեցել է շատ վաղ տարիքից: Հիշում է, որ դեռ փոքր տարիքից քրոջ հետ կազմակերպում էին տարբեր համերգներ  ընտանիքի անդամների համար, որի ժամանակ երգում և պարում էին:

«Վոլգոգրադում այցելում էի երաժշտական դպրոց և սկսեցի լրջորեն զբաղվել երաժշտությամբ։ Հետագայում, ՎԳԻԿ-ը (Վոլգոգրադի պետական թատրոնի և կինոյի ինստիտուտ) ավարտելով, իմ հետաքրքրությունը բեմի և արվեստի նկատմամբ ավելի խորացավ: Թատերական կրթությունը մեծ ազդեցություն ունեցավ ոչ միայն իմ կատարողական արվեստի, այլև իմ երաժշտության վրա, քանի որ ես ավելի խորքային կերպով սկսեցի ընկալել բեմը և արտիստական ինքնությունը»,- նշեց Պարգը:

Բեմական անվան ընտրության շուրջ արտիստը երկար չի մտածել, ընտրել է իր անվան կարճ տարբերակը, քանի որ միշտ ցանկացել է ունենալ կարճ և հեշտ հիշվող անուն: Բացի դա, մանկուց ընտանիքի անդամները և ընկերները հենց այդպես են իրեն կոչել։  

Անդրադառնալով երաժշտական ոճի ձևավորման ընթացքին՝ երգիչը նշեց, որ այս հարցում մեծ դեր են ունեցել այն արտիստները, որոնք համարձակ են իրենց երաժշտական որոնումներում: Օրինակ՝ Գլեն Հանսարդը, Հոզերը և Մասեգոն այն արտիստներն են, որոնք խառնում են տարբեր մշակույթներ և ոճեր, բայց դրա հետ մեկտեղ  մնում են ինքնատիպ և ստեղծագործական առումով թարմ: 

«Ես նույնպես ձգտում եմ նույնին՝ կոտրելով սահմաններն ու միաժամանակ պահպանելով իմ արմատները: Ինձ համար կարևոր է ավանդույթների և նորարարության միջև գտնել այն եզրերը, որտեղ կարելի է ստեղծել նորարարական և մաքուր մի բան։ Ես մշտապես փնտրում եմ այնպիսի ստեղծագործական մոտեցումներ, որոնք կմիավորեն հայկական ժողովրդական երաժշտությունը ժամանակակից հնչյունների հետ: 

Իսկ ինչ վերաբերում է իմ կերպարին, այն շատ դեպքերում գալիս է իմ երաժշտությունից: Իմ երաժշտությունն ինքնին ոգեշնչման աղբյուր է, և դրա հիման վրա մենք կառուցում ենք ամբողջական կերպար՝ հագուստից մինչև բեմադրական լուծումներ: Ոճի ու արտահայտչամիջոցների միջոցով փորձում ենք արտացոլել իմ երաժշտության իմաստն ու հույզերը՝ ստեղծելով մի ամբողջականություն, որը կապ ունի թե՛ երաժշտության, թե՛ արտաքին աշխարհի հետ»,- ասաց երգիչը:

Երգիչը դեռ ուսանողական տարիներին հավաքել էր սեփական բենդը, որի հետ կիսում էր երաժշտական ոգեշնչումները: Այդ տարիները մեծ ազդեցություն են ունեցել նրա հետագա գործունեության վրա, և այժմ Հայաստանում նա կրկին ունի իր բենդը, որի հետ ցանկանում է այսուհետ հանդես գալ՝ ներկայացնելով իր երաժշտությունը:

Պարգի կյանքում շրջադարձային եղավ և նրան ճանաչում բերեց մի քանի տարի առաջ  ջազի երևանյան համերգին ելույթ ունենալը, որը երգիչը համարում է աննկարագրելի փորձ:

«Առաջին անգամն էի ելույթ ունենում այդպիսի մեծ և բազմազգ լսարանի առջև, և զգացողությունը, անկեղծ ասած, անսովոր էր: Երբ ինձ առաջարկեցին բացել համերգը, ես հասկանում էի, որ դա մեծ պատասխանատվություն է, բայց նաև գիտակցում էի, որ դա իմ երաժշտությունը միջազգային հարթակում ներկայացնելու մեծ հնարավորություն է։ Այդ համերգն իմ կարիերայի կարևոր պահերից մեկն էր, որը ոչ միայն վստահություն տվեց, այլև ցույց տվեց, որ հայ երաժիշտները կարող են միջազգային մակարդակում համաշխարհային լսարանի հետ կապ հաստատել»,- պատմեց Պարգը:

Խոսելով առաջիկա նպատակներից՝ նա նշեց, որ խորացնելու է գործունեությունը՝ շարունակելով ուսումնասիրել հայկական մշակույթի և ժամանակակից երաժշտության համադրությունը: Ըստ նրա՝ հայկական երաժշտության հիմքում մեծ պոտենցիալ կա նորարարական և հետաքրքիր գործեր ստեղծելու համար: 

Երգիչն այժմ աշխատում է նոր երգի վրա, որը կպատմի հայկական մշակութային ժառանգության մասին, բայց նաև կներկայացնի ժամանակակից ձայներ և նոր մոտեցումներ: Արտիստը վստահեցրեց՝ առաջիկայում կլսենք նոր ու հետաքրքիր ստեղծագործություններ, որոնք կբացահայտեն իր արվեստի նոր կողմերը:

Գայանե Գաբոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում