Մեկնարկեց «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը, որը նախատեսված է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար, նպատակ ունի ուժեղացնելու կրթության կառավարիչների ինստիտուտը՝ զարգացնելով հանրակրթական հաստատությունների տնօրենների առաջնորդության և ռազմավարական պլանավորման հմտություններն ու արդյունավետ կառավարման գիտելիքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնությունը, որն իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ, մեկնարկեց հոկտեմբերի 10-ին Երևանում։

Միջոցառմանը  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը խոստովանեց՝ ծրագիրն իրենց համար շատ կարևոր է։ Նա շեշտեց՝ 2024 թվականին 745 զարգացման ծրագիր է փորձաքննվել, որից 86-ն է դրական եզրակացություն ստացել։ Նախարարությունում անցկացրել են 100 հարցազրույց, որից 39-ն է դրական եզրակացություն ստացել։  «Մեզ համար շատ կարևոր է, որ դպրոցն ունենա տնօրեն, քանի որ բոլորը պատկերացնում են, թե դպրոցում տնօրենի բացակայությունը ինչ ազդեցություն կարող է ունենալ հաստատության գործունեության վրա, սակայն մենք գնում ենք այդ ռիսկին և պատրաստ ենք որոշ ժամանակով դպրոցը թողնել առանց տնօրենի, բայց չունենալ տնօրեններ, որոնք չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են, որ հնարավոր լինի իրականացնել բոլոր ծրագրված նախաձեռնությունները։ Ես հույս ունեմ, որ այն չափորոշիչները, որ ներկայացնում ենք, անիրական չեն և առաջիկա յոթ ամսվա ընթացքում բոլոր այն թեմաները, բոլոր քննարկումները, որ կծավալվեն, հստակ ցույց կտան, որ այն ակնկալիքները, որ նախարարությունն ունի դպրոցների տնօրեններից, անհասանելի չեն։ Դրանք կրթության բովանդակությանը, կառավարմանը, մասնագիտական զարգացմանն աջակցելու և մի շարք այլ ուղղություններով միջին պահանջներ են, քանի որ այս պահին չենք հավակնում շատ բարձր պահանջներ ներկայացնել»,-ասաց փոխնախարարն՝ ընդգծելով տնօրենների աշխատանքի պատասխանատվությունը։

Նա հույս հայտնեց, որ յոթ ամսվա ընթացքում չեն կորցնի երեսուն մասնակցից ոչ ոքի և նրանց հետ համագործակցելու առիթ կունենան։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը ևս ընդգծեց, որ իրենց կառույցի համար ծրագիրը չափազանց կարևոր է։ Նրա խոսքով՝ դպրոցի կառավարումն ու առաջնորդությունն այն հենասյուներից է, որոնց վրա հիմնված է կրթությունը, սակայն պետք չէ մոռանալ նաև երեխաների մասին։ «Ցանկանում եմ, որ ծրագրին մասնակցելու արդյունքում մասնակիցներն այնպիսի հմտություններ ու կարողություններ ձեռք բերեն և հայտնվեն այնպիսի միջավայրում, որ չվախենան խիզախելուց, որ կարողանան զարգացնել կրթության, դպրոցի իրենց տեսլականը, այն դպրոցի, որը կարևորում է երեխային, կարևորում է ուսուցչին, կարողանում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երեխան հաճույքով է սովորում, իսկ ուսուցիչը ոգևորությամբ է դասավանդում և չի վախենում նորարարություններից»,-նշեց Ալվարդ  Պողոսյանը։

Նա հավաստիացրեց, որ մեր օրերում, երբ կրթությունը կրում է և՛ գլոբալ, և՛ լոկալ ազդեցություններ, դպրոցները պետք է կառավարեն այնպիսի տնօրեններ, որոնք կարողանում են հասկանալ այդ ազդեցությունները, որոնք ճկուն են և կարող են  արձագանքել նոր մարտահրավերներին։

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը հիշեցրեց՝ ծրագիրը պիլոտային է. այն ստեղծվելու է հընթացս։ Իրենք անընդհատ վերլուծելու են ընթացքը։ «Ցանկանում ենք, որ մասնակիցները դառնան միջազգային մակարդակի կրթության կառավարիչներ։ Մենք ուսումնասիրելու ենք այն նույն նյութը, որն ուսումնասիրում են մասնակիցների գործընկերներն աշխարհի ամենազարգացած երկրներում և ոչ մի բանով չենք իջեցնելու այդ նշաձողը»,-ասաց Փախչանյանն ու հավելեց՝ ակնկալում են փոխադարձ աջակցության միջավայր, որպեսզի մասնակիցները բաց լինեն մեկը մյուսի նկատմամբ։

Նրա խոսքով՝  ծրագրի շրջանակում հարկավոր չէ պաշտպանել այն դպրոցը, որում աշխատում են մասնակիցները կամ մրցակցել, ապացուցել, որ լավագույնն են, այլ պետք է կարողանալ օգտվել այն եզակի հնարավորությունից, որ բաց միջավայրում են, որտեղ կարող են ներկայացնել իրենց մտահոգությունները, խնդիրներն ու գտնել լուծումները։

Մասնակիցներից Եղսանա Աթանեսյանն աշխատում է Չարենցավանի հիմնական դպրոցում որպես տնօրենի տեղակալ։ Ծրագրի մասին տեղեկացել է նախարարության կայքէջից, ծանոթացել է պահանջներին և որոշել մասնակցել։ «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման մոտիվացիայի շուրջ էսսե էր հարկավոր գրել, ինչն արեցի և հաղթահարեցի նաև հարցազրույցի փուլը, ինչի արդյունքում մասնակցելու եմ դասընթացին։ Առաջին անգամ եմ դիմելու դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար։ Երեսուն տարի աշխատում եմ դպրոցում և մրցույթին մասնակցելու ցանկությունս մեծ էր, իսկ այս առաջկցող ծրագիրն ինձ շատ անհրաժեշտ էր։ Հուսամ՝ լիովին կկարողանամ գրել ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը յոթամսյա դասընթացի շնորհիվ»,-շեշտեց Աթանեսյանը։

Լիլիթ Մովսիսյանն էլ աշխատում է Երևանի Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոնում որպես տնօրեն և դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան համար երկու դպրոցում։ «Ավելի քան երկու տարի ունեմ հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագիր։ Ցանկություն ունեմ ղեկավարելու որևէ հանրակրթական դպրոց։ Իմ նպատակը ոչ թե տնօրեն դառնալն է, այլ տնօրեն դառնալն իմ նպատակին հասնելու միջոց է։ Այն է՝ ունենալ մի դպրոց, որտեղ կրթությունը կլինի գրեթե իդեալական, որտեղ մոտիվացված կլինեն թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները»,-ասաց նա։

Մովսիսյանը զարգացման ծրագիր գրելու փորձ արդեն ունի։ Կարծում է՝ դպրոցի զարգացման ծրագիր գրել կարող է այն մարդը, որն աշխատում է դպրոցի ներսում, շատ լավ պատկերացնում է, թե ինչ է դպրոցը, կարող է վերլուծել իրավիճակը։ «Այս աջակցող ծրագիրը շատ կարևոր է, քանի որ ոչ մի դպրոցի տնօրեն չի կարող պարզապես զարգացման ծրագիր գրել ինքնուրույն, և ես լիահույս եմ, որ այս դասընթացները մեզ կօգնեն իրականացնելու մեր հետագա ծրագրերը»,-եզրափակեց Լիլիթ Մովսիսյանը։

Յոթամսյա վերապատրաստումների ընթացքում ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան մանկավարժական ու կառավարման արդիական գիտելիքներին զուգահեռ հմտանալ կրթական ծրագրի մշակման ու որակի գնահատման ուղղությամբ։ Իսկ վերապատրաստման ծրագրի ավարտին մասնակիցները պետք է ներկայացնեն հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիր:

Ծրագիրն իրականացվելու է երկու խմբով՝ յուրաքանչյուրում 30-ական մասնակից և անցկացվելու է հիբրիդային՝ առկա և առցանց հանդիպումների ձևաչափերով: Տնօրենների համար վերապատրաստման կրթական ծրագիրը մշակել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի գործընկերության արդյունքում և կանցկացվի հիմնադրամի մասնագետների կողմից:

 

Հայերեն فارسی

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել

Այսօր երեկոյան և գիշերը ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք

Հայաստանը ՄԻԵԴ և ԱՄԴ կներկայացնի լրացուցիչ ապացույցներ և պահանջներ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է