Աշխարհ

Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք օգտագործել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հարձակման դեպքում

2 րոպեի ընթերցում

Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք օգտագործել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հարձակման դեպքում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վստահեցրել է, որ Փհենյանն «առանց վարանելու» կօգտագործի հարձակողական սպառազինությունների բոլոր տեսակները, եթե Հարավային Կորեան և ԱՄՆ-ն փորձեն զինված ուժերն օգտագործել Հյուսիսային Կորեայի ինքնիշխանությունը խախտելու համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

«Եթե թշնամիներն…. անտեսեն մեր կրկնվող նախազգուշացումները և Կորեայի Հանրապետության ու ԱՄՆ-ի դաշինքում մեծ վստահություն ունենալով՝ ևս մեկ քայլ անեն՝ փորձելով զինված ուժերն օգտագործել Հանրապետության (ԿԺԴՀ) ինքնիշխանությունը խախտելու համար, ապա մենք անվարան գործի կդնենք ողջ հարձակողական ուժերը…., ներառյալ միջուկային զենքը», - Կիմ Չեն Ընի խոսքերն է մեջբերել Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը։ 

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հոկտեմբերի 2-ին այցելել է Կորեայի ժողովրդական բանակի հատուկ նշանակության ուժերի ուսումնական բազա, որտեղ հետևել է վարժանքներին:

Իր ելույթում ԿԺԴՀ ղեկավարը հիշեցրել է, որ իր երկիրը միջուկային տերություն է, և «ռազմական բախման» դեպքում «Սեուլի և Կորեայի Հանրապետության գոյությունն անհնարին կլինի»։ Նա ընդգծել է, որ սա «ինչ-որ հռետորական սպառնալիք չէ»։ Նա նշել է, որ «տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը խախտող ուժերը» հենց Հարավային Կորեան և ԱՄՆ-ն են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում