Թողարկվել է «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշ
1 րոպեի ընթերցում
![Թողարկվել է «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/10/03/sSeusoSovp9RBOKhbHO6n9prepCHqAMj0HcFcIP1.webp)
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջանառության մեջ է դրվել գործարար, բարերար, «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր, Հայաստանի տնտեսության վաստակավոր աշխատող Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշը, առաջին օրվա ծրարը և գեղաթերթիկը:
Նկարների հեղինակը Հարություն Ավագյանն է, իսկ դիզայներները՝ Վահան Աբրահամյանն ու Դավիթ Դովլաթյանը:
Նամականիշի անվանական արժեքը 1 000 դրամ է: Թողարկվել է 100 000 տպաքանակով: Առաջին օրվա ծրարն ու գեղաթերթիկը տպագրվել են 10 000 տպաքանակով:
Ծրարի վրա պատկերված են այն հիմնական ոլորտները, որտեղ Հրանտ Վարդանյանը գործունեություն է ծավալել՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն և բարեգործություն:
90-ական թվականներին, Հրանտ Վարդանյանի ջանքերով, Հայաստանում վերականգնվեց և զարգացավ հայրենական արտադրությունը: Հիմնադրվեց «Գրանդ Հոլդինգը», որը մինչ օրս շարունակում է զբաղեցնել Հայաստանի արտադրության ոլորտի առաջատարի դիրքերը՝ վճարած հարկերի, պատրաստի արտադրանքի արտահանման ծավալների և աշխատատեղերի քանակով: