Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2024

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2024

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքների։

Առաջին տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի,  իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը երկրորդ տեղում է։ 

Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։

Բոդո Շեֆերի «Հաղթողների 30 օրենքները» գիրքը երրորդ տեղում է։ Այն կսովորեցնի  լիարժեք վերահսկողություն հաստատել սեփական կյանքի նկատմամբ, փոխել վերաբերմունքը ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, միշտ առաջ շարժվել ու զարգանալ, հասնել ֆինանսական անկախության, լինել «արծիվ», այլ ոչ թե «բադ»:

Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» չորրորդ տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:

Հինգերորդ հորիզոնականում է Էկհարթ Թոլլի «Ներկայի ուժը»։ «Ներկայի ուժը» գիրքը իրավմամբ համարվում է պոպուլյար հոգեբանության, մոտիվացիայի և էզոթերիկայի ժանրերի ամենաառանցքային ստեղծագործություններից մեկը, իսկ հեղինակ Էկհարթ Թոլլը՝ ամենահեղինակավոր հոգևոր ուսուցիչներից մեկը: Այս գիրքը կստիպի ձեզ մի պահ դադարեցնել մտքերում տիրող աղմուկը, երանելի լռություն հաստատել հոգում և գլխում ու վերջապես ապրել միակ իրական պահը՝ Ներկա պահը:

Վեցերորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։ 

Յոթերորդ հորիզոնականում է Ջո Նավարոյի «Եղի՛ր բացառիկ» գիրքը։ FBI գործակալ Ջո Նավարոյի նոր գիրքը արդեն հասանելի է հայ ընթերցողին։ Երկար տարիներ FBI-ում աշխատելուց հետո, հեղինակը հերթական անգամ կիսվում է ձեռք բերված փորձով, որը բաժանել է հինգ հիմնական սկզբունքների՝ ինքնատիրապետում, հետևողականություն, կոմունիկացիա, գործողություն, հոգեբանական կոմֆորտ։ Սա իսկական առաջնորդների համար գրքի նոր ֆորմատ է, որն ընթերցողին անպայման կօգնի իսկապես դառնալ և լինել բացառիկ։

Ջոն Գրեյի «Տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից» գիրքը ութերորդ տեղում է։ Գրքում հոգեբան Ջոն Գրեյն առաջնորդվում է այն գաղափարով, որ կանանց ու տղամարդկանց՝ տարբեր երևույթների ընկալումներն այնքան տարբեր են, որ նրանք կարծես տարբեր մոլորակներից լինեն: Խորանալով այդ տարբեր ընկալումների վերլուծության մեջ՝ հեղինակն անփոխարինելի գաղափարներ ու խորհուրդներ է մատուցում ընթերցողին, որոնք արդեն իսկ օգնել են միլիոնավոր մարդկանց բարելավել ու զարգացնել իրենց հարաբերությունները հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը իններորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» տասներորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ, նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:

ՏեղՓոփԳիրք ՀրատՔանակ
1+2

Ջո Նավարո,

 «Ես կարդում եմ Ձեր մտքերը»

 Դավինչի156
20

Էրիկ Բեռն,

 «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ»

Դավինչի106
3+3

Բոդո Շեֆեր,

 «Հաղթողների 30 օրենքները»

Դավինչի85
40

Հեկտոր Գարսիա և Ֆրանսեսկ Միրալես,

 «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը»

Դավինչի83
5*

Էկհարթ Թոլլ,

 «Ներկայի ուժը»

Դավինչի61
6+3

Ռոբերտ Կիյոսակի,

 «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»

Անտարես57
7*

Ջո Նավարո,

 «Եղի՛ր բացառիկ»

Դավինչի54
8*

Ջոն Գրեյ,

 «Տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից»

Դավինչի50
9-8

Ջեյմս Քլիըր,

 «Ատոմային սովորություններ»

Էդիթ Պրինտ36
10*

Ռոբին Շարմա,

 «Առավոտյան ժամը 5-ի ակումբը»

Բուկինիստ34

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում