Վերազինված և վերաբրենդավորված «Մոսկվա» կինոթատրոնն իր հյուրընկալ դռները բացեց արվեստասերների առաջ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տևական դադարից հետո կինոյի երկրպագուների առաջ իր հյուրընկալ դռները բացեց վերազինված, վերաբրենդավորված «Մոսկվա» կինոթատրոնը։ Այն այժմ կրելու է «Կինոմոսկվա» անունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի սիրված կինոթատրոնի վերաբացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին տարվա ամենասպասված «Ջոկեր: Խելագարություն երկուսի համար» ֆիլմի տարածաշրջանային առաջին ցուցադրությամբ։

Մինչ ֆիլմի ցուցադրությունը ներկաները հնարավորություն ունեցան վայելելու ֆիլմի մոտիվներով փոքրիկ երաժշտական ներկայացումը և դիտելու կարճ տեսանյութ, որն անդրադառնում էր սիրված կինոթատրոնի կառուցման պատմությանը:

Կինոթատրոնի գլխավոր տնօրեն Հովհաննես Ադոյանը, ողջունելով հյուրերին, շեշտեց՝«Կինոմոսկվա»-ն Երևանի խորհրդանիշներից է, քաղաքային կոլորիտի անբաժան մասը: «Հատկանշական է, որ 1936 թվականինհիմնադրումից մինչ այս պահը, հուսամ նաև ապագայում, հավատարիմ է մնացել ու կմնա հրաշքը կինոսիրողին հասցնելու իր սկզբնական կոչմանը: Այս իմաստով այն թերևս բացառիկ է: Բնականաբար սա մեկ մարդու կամ մեկ սերնդի վաստակ չէ, սա մեզ նախորդող տասնամյակների տքնաջան աշխատանքի, երբեմն էլ անհնարինը հնարավոր դարձնելու արդյունք է: Առանց նվիրյալ մարդկանց«Կինոմոսկվա»-ն մեզ այսօր չէր ներկայանա այն տեսքով ու նշանակությամբ, ինչի համար հիմնադրվել է ի սկզբանե»,-ընդգծեց Ադոյանը:

«Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությունը նախաձեռնել և իրականացրել է  Երևանի խորհրդանիշերից մեկը հանդիսացող կինոթատրոնի ներքին հարդարման աշխատանքները՝  գրկաբաց ընդունելու քաղաքի  բնակիչներին և հյուրերին՝  համաշխարհային ու տեղական  կինոարտադրության  ֆիլմերի դիտումն ու  ժամանցը միջազգային բարձր չափանիշներով կազմակերպելու  համար:  

Հիմնանորոգվել են բոլոր սրահները, համալրվել գերժամանակակից տեսալսողական սարքերով ու կահավորանքով։ Թարմացվել է օդափոխության և ջեռուցման համակարգը, հիմնովին բարեկարգվել են սանհանգույցները։ Հաշվի առնելով «Մոսկվա» կինոթատրոնի շենքի պատմամշակութային արժեքը՝արտաքին հարդարման և մաքրման աշխատանքների ժամանակ խստիվ պահպանվել է հուշարձանի ինքնատիպությունը։

Տեխնիկական վերազինմամբ նորացվել են կինոթատրոնի և՛  ձայնային տեխնիկան, և՛ էկրանները: Տեղադրվել են կինոէկրանների արտադրության ոլորտում առաջատար Harkness Screens բրիտանական ընկերության առանձանահատուկ էկրաններ։ Լազերային պրոյեկցիայի պայմաններում դրանք ապահովում են գույնի պայծառություն և լույսի հավասարաչափ բաշխում, ինչը թույլ է տալիս  դահլիճի ցանկացած անկյունից  տեսնել բարձր որակի պատկեր: Կինոդահլիճներն անցնում են 4K լազերային պրոյեկցիայի․ Barco SP4K-35 4-րդ սերունդ. սա նշանակում է, որ պատկերի հստակությունն այսուհետ կապված չէ լամպերից: «Կինոմոսկվայի» դահլիճներում տեղադրվել են DOLBY CP950 նորագույն ձայնային պրոցեսորներ, որոնք թույլ են տալիս իրականացնել ձայնային կարգավորումներ նաև ATMOS տեխնոլոգիաներին համապատասխան: LUIS Wassman ձայնային համակարգը հնարավորություն է տալիս հավասարաչափ տարածել ձայնը դեպի դահլիճի նստելատեղեր՝ զգալիորեն բարձրացնելով ընկալման որակը և մեծացնելով տպավորությունը:

Կինոթատրոնի նոր տարբերանշանում պատմական շենքն է՝ վերևից, որը հետաքրքիր զուգադիպությամբ  ունի լատիներեն  «M» տառի ձևը։ Յուրահատուկ տարբերանշանը  ոչ միայն պատկերում է շենքի բացառիկ ճարտարապետությունը, այլև ընդգծում է  նշանակությունը Երևանի քաղաքային լանդշաֆտում, խորհրդանշում է  Երևանում «Կինոմոսկվայի» կենտրոնական դիրքը, դերը՝  որպես սերունդների մշակութային կենտրոն։

«Կինոմոսկվա»-ի նոր կարգախոսը՝ «Արի կինոյի աշխարհ», հրավեր է բոլորին՝ բացահայտելու ոչ միայն կինոյի կախարդական աշխարհը, այլև վերագտնելու մի վայր, որը երկար տարիներ եղել է Երևանի մշակութային ժառանգության անբաժանելի մասը։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն