ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տևական դադարից հետո կինոյի երկրպագուների առաջ իր հյուրընկալ դռները բացեց վերազինված, վերաբրենդավորված «Մոսկվա» կինոթատրոնը։ Այն այժմ կրելու է «Կինոմոսկվա» անունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի սիրված կինոթատրոնի վերաբացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին տարվա ամենասպասված «Ջոկեր: Խելագարություն երկուսի համար» ֆիլմի տարածաշրջանային առաջին ցուցադրությամբ։
Մինչ ֆիլմի ցուցադրությունը ներկաները հնարավորություն ունեցան վայելելու ֆիլմի մոտիվներով փոքրիկ երաժշտական ներկայացումը և դիտելու կարճ տեսանյութ, որն անդրադառնում էր սիրված կինոթատրոնի կառուցման պատմությանը:
Կինոթատրոնի գլխավոր տնօրեն Հովհաննես Ադոյանը, ողջունելով հյուրերին, շեշտեց՝«Կինոմոսկվա»-ն Երևանի խորհրդանիշներից է, քաղաքային կոլորիտի անբաժան մասը: «Հատկանշական է, որ 1936 թվականինհիմնադրումից մինչ այս պահը, հուսամ նաև ապագայում, հավատարիմ է մնացել ու կմնա հրաշքը կինոսիրողին հասցնելու իր սկզբնական կոչմանը: Այս իմաստով այն թերևս բացառիկ է: Բնականաբար սա մեկ մարդու կամ մեկ սերնդի վաստակ չէ, սա մեզ նախորդող տասնամյակների տքնաջան աշխատանքի, երբեմն էլ անհնարինը հնարավոր դարձնելու արդյունք է: Առանց նվիրյալ մարդկանց«Կինոմոսկվա»-ն մեզ այսօր չէր ներկայանա այն տեսքով ու նշանակությամբ, ինչի համար հիմնադրվել է ի սկզբանե»,-ընդգծեց Ադոյանը:
«Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությունը նախաձեռնել և իրականացրել է Երևանի խորհրդանիշերից մեկը հանդիսացող կինոթատրոնի ներքին հարդարման աշխատանքները՝ գրկաբաց ընդունելու քաղաքի բնակիչներին և հյուրերին՝ համաշխարհային ու տեղական կինոարտադրության ֆիլմերի դիտումն ու ժամանցը միջազգային բարձր չափանիշներով կազմակերպելու համար:
Հիմնանորոգվել են բոլոր սրահները, համալրվել գերժամանակակից տեսալսողական սարքերով ու կահավորանքով։ Թարմացվել է օդափոխության և ջեռուցման համակարգը, հիմնովին բարեկարգվել են սանհանգույցները։ Հաշվի առնելով «Մոսկվա» կինոթատրոնի շենքի պատմամշակութային արժեքը՝արտաքին հարդարման և մաքրման աշխատանքների ժամանակ խստիվ պահպանվել է հուշարձանի ինքնատիպությունը։
Տեխնիկական վերազինմամբ նորացվել են կինոթատրոնի և՛ ձայնային տեխնիկան, և՛ էկրանները: Տեղադրվել են կինոէկրանների արտադրության ոլորտում առաջատար Harkness Screens բրիտանական ընկերության առանձանահատուկ էկրաններ։ Լազերային պրոյեկցիայի պայմաններում դրանք ապահովում են գույնի պայծառություն և լույսի հավասարաչափ բաշխում, ինչը թույլ է տալիս դահլիճի ցանկացած անկյունից տեսնել բարձր որակի պատկեր: Կինոդահլիճներն անցնում են 4K լազերային պրոյեկցիայի․ Barco SP4K-35 4-րդ սերունդ. սա նշանակում է, որ պատկերի հստակությունն այսուհետ կապված չէ լամպերից: «Կինոմոսկվայի» դահլիճներում տեղադրվել են DOLBY CP950 նորագույն ձայնային պրոցեսորներ, որոնք թույլ են տալիս իրականացնել ձայնային կարգավորումներ նաև ATMOS տեխնոլոգիաներին համապատասխան: LUIS Wassman ձայնային համակարգը հնարավորություն է տալիս հավասարաչափ տարածել ձայնը դեպի դահլիճի նստելատեղեր՝ զգալիորեն բարձրացնելով ընկալման որակը և մեծացնելով տպավորությունը:
Կինոթատրոնի նոր տարբերանշանում պատմական շենքն է՝ վերևից, որը հետաքրքիր զուգադիպությամբ ունի լատիներեն «M» տառի ձևը։ Յուրահատուկ տարբերանշանը ոչ միայն պատկերում է շենքի բացառիկ ճարտարապետությունը, այլև ընդգծում է նշանակությունը Երևանի քաղաքային լանդշաֆտում, խորհրդանշում է Երևանում «Կինոմոսկվայի» կենտրոնական դիրքը, դերը՝ որպես սերունդների մշակութային կենտրոն։
«Կինոմոսկվա»-ի նոր կարգախոսը՝ «Արի կինոյի աշխարհ», հրավեր է բոլորին՝ բացահայտելու ոչ միայն կինոյի կախարդական աշխարհը, այլև վերագտնելու մի վայր, որը երկար տարիներ եղել է Երևանի մշակութային ժառանգության անբաժանելի մասը։