ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց Հանրապետության հրապարակում իր հրավիրած հանրահավաքը՝ հայտարարելով, որ շարժվում են դեպի Հանրային հեռուստաընկերություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարթակից ելույթ ունեցողների թվում էր ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Նա վստահեցրեց, որ չեն ընկրկում՝ հորդորելով բոլորին միավորվել և միանալ իրենց պայքարին:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ իրենց պայքարը հանուն արդարության և ճշմարտության է, ընդդեմ՝ ստի: Նա հիշեցրեց՝ խնդիր էին դրել արագորեն լուծումների հասնել:
«Այդ լուծումներն այս կամ այն պատճառով չեն իրականացել: Ոչ թե չեն ստացվել, այլ երկարաձգվել են, չի դադարելու: Չեմ երկնչում ասելու, որ այս պայքարում կհաղթի նա, ով համառ է, աննահանջ ու հետևողական է: Իշխանափոխությունն այս ամբողջ պայքարի մեջ կարևոր, բայց փոքր բաղադրիչ է: Մենք ներքին փոփոխության, ինքնագնահատականի և արժևորման կարիքն ունենք»,– ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով, որ պայքարն անհրաժեշտ է:
Նա քաղաքական դաշտի գործիչներին՝ թե՚ խորհրդարանական, թե՚ արտախորհրդարանական, ընդհանրական համախմբման կոչ արեց:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ պայքարը շարունակվելու է: Նա հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցների հետ միասին շարժվելու են դեպի Հանրային հեռուստաընկերություն՝ ուղիղ եթերի պահանջով: