Աշխարհ

Սիգերու Իսիբային պաշտոնապես ընտրել են Ճապոնիայի վարչապետ

2 րոպեի ընթերցում

Սիգերու Իսիբային պաշտոնապես ընտրել են Ճապոնիայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) նախագահ Սիգերու Իսիբան խորհրդարանում ընտրվել է երկրի 102-րդ վարչապետ` հաջորդելով Ֆումիո Կիսիդային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Իսիբան ԼԴԿ-ի նախագահ էր ընտրվել սեպտեմբերի 27-ին։ Նրան վարչապետի պաշտոնում հաստատել է խորհրդարանի ինչպես ստորին, այնպես էլ վերին պալատը։ 

Իսիբան առաջիկա ժամերին կկազմի կառավարություն: Օրվա երկրորդ կեսին նոր կառավարության կազմը կհաստատի կայսր Նարուհիտոն։

Հոկտեմբերի 4-ին Իսիբան և առանցքային նախարարները ծրագրային ելույթներով հանդես կգան խորհրդարանում։ Հոկտեմբերի 9-ին խորհրդարանի ստորին պալատը կարձակվի՝ հոկտեմբերի 27-ին կայանալիք արտահերթ ընտրություններին ընդառաջ: 

Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը՝ Ֆումիո Կիսիդայի գլխավորությամբ, լրիվ կազմով հրաժարական էր տվել։

Կիսիդան օգոստոսին հայտարարել էր, որ սեպտեմբերին չի առաջադրի իր թեկնածությունն իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրություններում։  

Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը Ճապոնիայում իշխում է 1955 թվականին հիմնադրումից ի վեր, վերջին ամիսներին ներգրավված է եղել քաղաքական լուրջ սկանդալում։ Կուսակցության երկու ամենաազդեցիկ խմբակցություններին մեղադրել են նրանում, որ նրանք, ինչպես հարկն է, չեն հայտարարագրել իրենց եկամուտներն ու ծախսերը և միլիոնավոր դոլարի քաղաքական հանգանակությունների մասին սխալ հաշվետվություն են ներկայացրել։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում