ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մեծ ճանաչում վայելող օպերային երգիչ Արսեն Սողոմոնյանը «Ձայնի և հոգու համամարդկային կամուրջներ» խորագրով համերգաշարով հանդես կգա Երևանում։
Արտիստը հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կներկայանա կամերային համերգով: Այդ համերգները կշարունակվեն հոկտեմբերի 4-ին Մատենադարանում և հոկտեմբերի 6-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ Սողոմոնյանին կնվագակցի Ելենա Վարդազարյանը։ Համերգաշարը կամփոփվի մենահամերգով, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Երգիչը ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ հռչակավոր իտալացի դիրիժոր Անտոնելլո Ալեմանդիի ղեկավարությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը Արսեն Սողոմոնյանն ասաց՝ ծրագիրը բաղկացած է տարբեր ազգությունների երաժշտություններից, և համերգի խորագիրն ընտրել են՝ ընդգծելու, որ արվեստը չունի սահմաններ։
«Նման խոսքեր շատ ենք լսում, բայց գործով ցույց տալն ավելի բարդ ու պատասխանատու է, քանի որ մարդկանց պետք է հասկացնել, որ տարբեր լեզուները, տարբեր ազգերի հոգեբանական մեկնաբանությունները մարդկային զգացմունքների վերաբերյալ գրեթե նույնն են։ Անկախ լեզվից, երկրի սահմաններից, թելադրվող տարբերություններից՝ մարդը մարդ է։ Մենք փորձում ենք փոխանցել այն, որ դասական արվեստը, որը չի խառնվում այլևայլ երևույթների, միավորում է մարդկությանը՝ համամարդկային արժեքները պահպանելու նպատակով»,-շեշտեց երգիչը։
Նա կարծում է՝ շատ հաճելի կլինի, եթե ծնողները փորձեն իրենց երեխաներին մոտեցնել իրական դասական արվեստին, քանի որ հաճախ ականատես է լինում դասական ստեղծագործությունների տարբեր մեկնաբանությունների, որոնք միտված են դասականը լայն մասսաներին հասանելի դարձնել։ Ըստ նրա՝ պետք է հասարակությանն օգնել և դահլիճ բերել՝ առանց կորցնելու դասական արվեստի բարձր և լուրջ մեկնաբանությունները։
Համերգներին Արսեն Սողոմոնյանը կերգի հայերեն, ռուսերեն, իտալերեն։ «Բոլոր ստեղծագործությունները, որ ընտրել ենք, պետք է լինեին ծանոթ, սակայն ոչ ամեն օր հնչող, ուստի առաջին համերգին կատարելու ենք Ռախմանինով, Չայկովսկի, հին իտալական արիաներ, հայկական ռոմանսներ և այլն։ Չդավաճանելով դասական հնչողությանն ու մեկնաբանությանը՝ երկրորդ համերգին կատարելու ենք ռուսական, հայկական ռոմանսներ, Առնո Բաբաջանյանի և այլ հայ կոմպոզիտորների որոշ գործեր։ Կփորձենք ցույց տալ, որ նման ստեղծագործություններ կատարելիս պետք չէ, որ օպերային երգիչները փոխեն երգելաոճը, հասարակացնեն ձայնի հնչողությունը, այլ դասական ձայնով կատարեն նաև այդ երաժշտությունը, որը հասանելի ու հասկանալի է»,-ասաց Սողոմոնյանն ու հավելեց՝ երրորդ համերգին հնչելու են տարբեր արիաներ ու նեապոլիտանական երգեր, չորրորդ համերգին՝ հայտնի արիաներ, հայ և օտար հեղինակների գործեր։
Արսեն Սողոմոնյանն այժմ աշխատում է արտերկրում, սակայն ամեն տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ օպերային տարբեր ներկայացումների համերգային կատարումներով հանդես է գալիս Երևանում: Սակայն մենահամերգով չի ներկայացել տասներկու տարի։ «Մեծ հուզմունքով եմ սպասում այս համերգներին»,-խոստովանեց արտիստը։
Նա նշեց՝ երջանիկ կլինի, եթե հանդիսատեսը դահլիճից հեռանա տպավորված և ոգևորված, ինչը համատեղ հաղթանակ կլինի։
Արսեն Սողոմոնյանի երևանյան համերգները կանցկացվեն բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանի, պրոֆեսոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ։
Վարդապետյանը շեշտեց՝ Արսեն Սողոմոնյանի արվեստին ծանոթացել է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի շնորհիվ։
«Գերվեցի նրա արվեստով, իսկ հետո հնարավորություն ունեցա տարբեր երկրներում հետևել Արսենի մասնակցությամբ ներկայացումներին։
Հռոմում, Բեռլինում, Աթենքում և այլ երկրներում օտար հանդիսատեսը շատ ջերմ է ընդունում նրան։ Աթենքի համերգներից մեկից հետո հանդիսատեսը ծափահարություններով Արսենին ճանապարհեց մինչև մոտակա հյուրանոց։ Մտածեցի՝ ինչո՞ւ պետք է օտարը հիանա նման արտիստով, իսկ հայ հանդիսատեսը հազվադեպ վայելի նրա կատարումները»,- նշեց նա։
Հաշվի առնելով Սողոմոնյանի՝ այս շրջանում քիչ ծանրաբեռնվածությունը՝ Վարդապետյանը նրան առաջարկել է ներկայանալ Երևանում։
Դարբինյանն ավելի քան երեսուն տարի ճանաչում է Արսեն Սողոմոնյանին և հպարտանում է այն փաստով, որ Սողոմոնյանին հաջողվել է միջազգային ճանաչման հասնել։
«Սիրով միացա նրա համերգները Երևանում կազմակերպելու գործին, քանի որ նման արտիստը պետք է մեծարվի Հայաստանում, իսկ մենք թերանում ենք այդ հարցում և բավարար չենք մեծարում նրանց, ովքեր աշխարհ են նվաճում՝ ներկայացնելով հայ արվեստը»,-ընդգծեց Դարբինյանն ու հավելեց՝ Սողոմոնյանը ոչ միայն հրաշալի արտիստ է, այլև՝ արժանապատիվ հայ։
Արսեն Սողոմոնյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի դասարանը, որպես բարիտոն: Դրամատիկ տենորի նրա սրընթաց կարիերան սկսվել է 2017-ից։
Սողոմոնյանը ՀՀ նախագահի պետական մրցանակակիր է: Նա նաև Պավել Լիսիցյանի անվան օպերային երգիչների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր է։ Արժանացել է Լիսիցյանների ընտանիքի հատուկ մրցանակին և պատիվ ունեցել վարպետության դաս վերցնել հենց լեգենդար Պավել Լիսիցյանից: 2009-ին երաժշտական հմտությունները կատարելագործել է Իտալիայում:
Հեղինակավոր միջազգային երաժշտաքննադատները նշում են, որ Սողոմոնյանի կատարումները հիշեցնում են իտալական օպերային դպրոցի լեգենդար վարպետներին, նրա ելույթներն ամենուր պսակվում են մեծ հաջողությամբ, նա հանդիսատեսին գերում է իր ձայնի թավշյա տեմբրով, դերի խորը, զգացմունքային մեկնաբանությամբ, դրամատիկ տաղանդով և խարիզմատիկ բեմական կեցվածքով:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի