ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ու Իրանը ձգտում են առևտրաշրջանառության ծավալները մոտ ապագայում հասցնել 1 միլիարդ դոլարի, իսկ ապագայում՝ 3 միլիարդ դոլարի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Առաջնորդվելով Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի միջև նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ մենք ձգտում ենք մոտ ապագայում երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի, իսկ ապագայում ՝ երեք միլիարդ դոլարի։ Սա, իհարկե, շատ հավակնոտ նպատակ է, բայց մենք ձգտում ենք դրան, և այդ նպատակն իրականացնելու համար մենք պետք է ավելացնենք ապրանքների տեսականին և, իհարկե, բարելավենք լոգիստիկ ենթակառուցվածքը»,- ընդգծեց Պապոյանը։
Այս համատեքստում նախարարը նշեց, որ Հայաստանի համար առաջնահերթություններից է տնտեսական սահմանային գոտիների ստեղծումը, ինչը կնպաստի նոր ներդրումների հոսքին։
«Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին Իրանի հետ հարաբերությունների խորացման տեսանկյունից, կարևոր դեր է ունենալու Հայաստանի կառավարության կողմից իրականցվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրագործումը»,- եզրափակեց Պապոյանը։